ԱՌԱՋԻՆԸ ՆՈՅԻՑ ՀԵՏՈ. ԻՆՉՊԵՍ ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԸ ԽԱՉ ՏԵՂԱԴՐԵՑ ԱՐԱՐԱՏԻ ԳԱԳԱԹԻՆ

Երևանի Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում նշվել է ականավոր գրող, մանկավարժ Խաչատուր Աբովյանի և գերմանացի բնագետ և բժիշկ Յոհան Ֆրիդրիխ Պարրոտի` Արարատ լեռ բարձրանալու 195-ամյակը, ինչպես նաև Հայկական լեռնագնացության օրը։

1829 թվականի սեպտեմբերի 27-ին ռուսական արշավախումբը Սանկտ Պետերբուրգի Կայսերական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, Դորպատի համալսարանի պրոֆեսոր Յոհան Ֆրիդրիխ Պարրոտի գլխավորությամբ կատարեց առաջին վերելքը դեպի Արարատ լեռ։

«1829 թվականին Պարրոտը այցելում է Էջմիածին և խնդրում կաթողիկոսին տրամադրել իրեն ուղեկցող սարկավագ, որը օտար լեզուների է տիրապետում, մասնավորապես՝ գերմաներենի։ Եվ հենց 20-ամյա Աբովյանն է ուղեկցում նրան այդ ճանապարհին»,- «Առաջինը Նոյից հետո » միջոցառման ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, պատմության պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը.

Պարրոտի արշավախմբին հաջողվում է գագաթին հասնել երրորդ փորձից։

«Արշավախմբի անդամներն իրենց հետ փայտե մեծ խաչ էին տարել, բայց քանի որ չի հաջողվել հասնել գագաթին, այն տեղադրել են լանջի վրա, առջևի մասով դեպի Երևան»,- ասաց գիտնականը։

Սեպտեմբերի 26-ի լուսադեմին արշավախմբի անդամները դուրս են գալիս Սուրբ Հակոբ վանքից և երրորդ անգամ ճանապարհվում դեպի լեռան գագաթը։ Հաջորդ օրը ժամը 05:30-ին արշավախումբը սկսում է վերելքի վերջին փուլը և կես ժամ անց հատում հավերժ ձյան սահմանը։ 12 հոգանոց խմբից մնում են միայն վեցը՝ Յոհան Պարրոտը, Խաչատուր Աբովյանը, հայ գյուղացիներ Հովհաննես Այվազյանը և Մուրադ Պողոսյանը և 41-րդ եգերական բրիգադի զինվորներ Ալեքսեյ Զդորովենկոն և Մատվեյ Չալպանովը։ Վերջին ուժերը հավաքելով՝ նրանք շարունակում են վերելքը։ Արշավախումբը լեռան գագաթին է հասնում ցերեկը` 3 անց 15 րոպեին։

«Հետաքրքիր է, որ երրորդ փորձի ժամանակ Պարրոտը կերակուր է պատրաստում և առաջարկում խմբի անդամներին, սակայն Աբովյանն ու հայ գյուղացիները հրաժարվում են` ասելով, որ սուրբ լեռը բարձրանալը, որի վրա ոչ ոք ոտք չի դրել, մեղք է, և միայն ծոմը կարող է քավել այդ մեղքը»,- հավելեց Մելքոնյանը։

Արդեն վերևում Աբովյանը ձյան մեջ փոքր խաչ է տեղադրում։ Իր գրառումներում Պարրոտը գրում է, որ դա պետք է աներ հայը, այն էլ նա, ով ծոմ էր պահել։

Թիմը Մասիսի գագաթին մնում է ընդամենը 45 րոպե։ Սեպտեմբերի 28-ին՝ վաղ առավոտյան, արշավախումբը հաջողությամբ սկսում է վայրէջքը և բարեհաջող հասնում Սուրբ Հակոբ վանք։

Հենց այդ իրադարձությանն է Armenian Geographic-ը նվիրել սեպտեմբերի 4-8-ը իր վերելքը դեպի Արարատ։ Հիշեցնենք, որ լեռան բարձրությունը 5137 մ է։

Sputnik Արմենիա