Երուսաղեմի պատրիարքարանը շահել է Թուրքիայի դեմ դատը
Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը շահել է Թուրքիայում իր հսկայական ունեցվածքի վերադարձի դատական գործընթացը։ Այս մասին հայտնում է Armenian Weekly-ն:
2012-ին Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը հայց էր ներկայացրել թուրքական կառավարության կողմից տասնամյակներ առաջ բռնագրավված ավելի քան հազար անշարժ գույք վերադարձնելու համար: Թուրքիայում երկար տարիների դատավարություններից հետո պատրիարքարանն անցյալ շաբաթ վերջապես խոշոր հաղթանակ տարավ։
1973 թվականին Թուրքիայի Հիմնադրամների գլխավոր վարչությունը բռնագրավել Է Երուսաղեմի պատրիարքարանի գույքը՝ հայտարարելով, որ Օսմանյան կայսրության ժամանակ ստեղծված Սբ.Հակոբ հայկական եկեղեցու հիմնադրամն այլևս չի գործում: Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան Մանուգյանի 2012 թվականի հայցն ի սկզբանե մերժվել է ինչպես Անկարայի ստորադաս դատարանի, այնպես էլ վերաքննիչ դատարանի կողմից, որից հետո Պատրիարքը բողոքարկել է Թուրքիայի Սահմանադրական դատարան, որով որոշվել է, որ ստորադաս դատարանը խախտել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքության իրավունքները: