ՊԵՏՔ Է ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՉՔԻՑ ՀԵՌՈՒ ԱՐՎԵՐ. ՆԵԼԼԻ ԴՈՒՐՅԱՆԸ` ԵՐԵՎԱՆՅԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾԻ ՄԱՍԻՆ

Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում տեղի ունեցածը պետք է երեխաների աչքից հեռու լիներ, քանի որ պետք է նկատի ունենալ երեխայի լավագույն շահը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության նախկին պետ, գնդապետ Նելլի Դուրյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԱԾ–ն գործողություններ է իրականացրել Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում։ Այդ ժամանակ աշակերտները (9-րդ դասարանցիներ. խմբ.) վախեցած զանգել են ծնողներին, խնդրել, որ գան դպրոց, քանի որ իրենց աչքի առաջ ԱԱԾ–ականները գետնին են տապալել ֆիզիկայի ուսուցչին ու տարել։ Ըստ տեղեկությունների` նրան կասկածում են անչափահասների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ։

«Բերման ենթարկելու շատ տարբեր ձևեր կան. կարող էին դպրոցից տուն գնալու ճանապարհին նրան ձերբակալել, տնից տանել և այլն։ Ցանկալի է, որ նման գործողությունները դպրոցում չլինեն, ու եթե մի բան պետք է կատարվի երեխաների աչքի առջև, ապա անհրաժեշտ է նախօրոք գնահատել, հետո գործողություն իրականացնել։ Խոսքը տեռորիստական ակտի մասին չէր։ Պետք է ոստիկանության անչափահասների հետ աշխատող տեսուչը մտներ դպրոց, տնօրենի մոտ հրավիրեր ու միասին դուրս գային դպրոցից, հետո էլ թեկուզ ԱԱԾ մեքենայով տեղափոխեին նրան»,– ասաց Դուրյանը։

Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե տղամարդն անառակաբարո գործողություններ է արել, գնդապետը հիշեց, որ տարիներ առաջ նմանատիպ դեպք եղել մեկ այլ ուսուցչի մասնակցությամբ, և նա դատապարտվել է 8 տարվա ազատազրկման։ Նրա խոսքով` նմանատիպ դեպքերը հնարավոր է ժամանակին հայտնաբերել և կանխել ծնողների հետ աշխատանքների միջոցով, դպրոցներում` աշակերտների։ Անհրաժեշտ է նաև այնպես անել, որպեսզի մանկավարժական կոլեկտիվի, ոստիկան–աշակերտ, ծնող–երեխա հարաբերությունները բարենպաստ լինեն։

«Դպրոցներում որևէ մանկավարժի աշխատանքի ընդունելիս պետք է բավական լուրջ մոտեցում ցուցաբերվի։ Եթե այդ տարածվող լուրը հաստատվեց, ապա ոլորտում խնդիր կա, և մենք այստեղ անելիք ունենք ճիշտ կադրային քաղաքականություն վարելու մասով։ Դպրոցում պետք է հոգեբաններ աշխատեն, ծնողներն էլ, եթե խնդիր նկատեն իրենց երեխայի մոտ, ապա հանգիստ դիմեն տվյալ մասնագետներին։ Ինչ վերաբերում է ոստիկաններին, ապա դպրոց պետք է մտնեն այն ծառայողները, որոնք վերապատրաստված են, գիտեն, թե ինչպես է պետք խոսել երեխաների հետ, թեկուզ ուղղակի զրուցելու համար»,– ասաց Դուրյանը։

Նա հակված է մտածելու, որ ԱԱԾ–ականների ներխուժումը նախապես ոչ ճիշտ գնահատման հետևանք է։ Դուրյանը նմանատիպ գործողությունների հետևում ցուցադրական որևէ արարք չի տեսնում, բայց նշում է, որ արդյունքում երեխաները կարող են այնպիսի սթրես ապրել, որ գիշերը չկարողանան քնել կամ վախենան որոշ ժամանակ դպրոց մտնել։

Հիշեցնենք` ըստ ՀՀ քննչական կոմիտեի` ուսուցչի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (անառակաբարո արարք կատարելը, որը կատարվել է վերընթաց ազգականի կամ այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն)։

Ըստ տեղեկությունների` ԱԱԾ աշխատակիցները ՔԿ են տեղափոխել ֆիզիկայի ուսուցիչ Ծատուրյանին։

ԿԳՄՍ նախարարությունը թիվ 20 դպրոցում տեղի ունեցածի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար դիմել է համապատասխան մարմիններին, իսկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում էլ ուսումնասիրություն է սկսվել։

Sputnik Արմենիա