ԻՆՉՈՒ Է ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ՀԻՇԱՏԱԿՎՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԲԱՆՈՒՄ, ԱՅԼ ՈՉ՝ ՏԵՔՍՏՈՒՄ

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմանը 8 դատավորներ են մասնակցել, որոնցից միայն մեկը՝ Հրայր Թովմասյանն է մեծամասնությանը բացասական հատուկ կարծիք ներկայացրել, շեշտելով՝ Սահմանադրական դատարանն իրավասու չէր նման որոշում կայացնել առհասարակ։

Sputnik Արմենիայի հետ զրույցում սահմանադրագետ Վարդան Պողոսյանը նշեց՝ դրա համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ կանոնակարգի վերջին՝ յոթերորդ կետը ներպետական ընթացակարգերի, այլ ոչ թե ուղղակիորեն միջազգային պայմանագրի վավերացման մասին է։

«Եթե կանոնակարգում գրված լիներ, որ այս կանոնակարգը ենթակա է վավերացման, ապա դա հիմք կհանդիսանար ՍԴ-ի համար գործն ընդունելու քննության և որոշում կայացնելու, բայց ներպետական ընթացակարգերը ներառում են ոչ միայն վավերացում, այլև ՀՀ նախագահի կողմից համաձայնությունը տվյալ պայմանագրին։ Քանի որ այս պայմանագիրն իր էությամբ տեխնիկական խնդիրների է անդրադառնում, չնայած իր մեջ ունի որոշակի հարցեր, որոնք բովանդակային են, այդուհանդերձ, այս կանոնակարգի մեջ չկա հստակ ամրագրում առ այն, որ այն ենթակա է վավերացման։ Նշանակում է՝ այն առհասարակ չպետք է ընդունվեր Սահմանադրական դատարան քննության, պետք է ուղարկվեր հանրապետության նախագահին՝ նրա կողմից հաստատվելու»,- նշում է սահմանադրագետը։

Պողոսյանի կարծիքով՝ ՍԴ-ի որոշման այն մասը, ըստ որի Անկախության հռչակագիրն, ըստ էության, ուժը կորցրած էր ճանաչվում, քանի որ դրանում ամրագրված համազգային նպատակներն առանձին շարադրված չեն Սահմանադրության հոդվածներում, կոպիտ սխալ է. ՍԴ-ն իր մեծամասնությամբ ուղղակիորեն արհամարհել է սահմանադրի կամքը։

Անկախության հռչակագրին Սահմանադրության նախաբանում հղում անելու պատճառը, ըստ սահմանադրագետի, այն է, որ ժամանակին փոխզիջում էր ձեռքբերվել կառավարող մեծամասնության և սահմանադրական հանձնաժողովի փոքրամասնության միջև։

«Ընդդիմադիրները ցանկանում էին, որ նպատակները գրվեին տեքստում առանձին հոդվածներում, կառավարող մեծամասնությունը դեմ էր, 1994թ հոկտեմբերի 8-ին ձեռք բերվեց այդ փոխզիջումը հանձնաժողովում կոնսենսուսային ձևով, բոլորը կողմ են եղել, միայն մեկ ձեռնպահ, որ նախաբանում հղում արվի Անկախության հռչակագրի համազգային նպատակներին և դրանով բավարարվեն»,- նշում է Պողոսյանը։

Նրա խոսքով՝ և՛ Սահմանադրության տեքստը, և ՛ դրա ստեղծման պատմությունը ցույց են տալիս, որ համազգային նպատակները գոյություն ունեն, և սահմանադիրը երբևէ նպատակ չի ունեցել նախաբանից բացի դրանք կոնկրետացնել, բացել Սահմանադրության հետագա տեքստում։

Հատուկ կարծիքում նաև ընդգծվել է, որ ՍԴ-ն շրջանցել է Սահմանադրության տեսանկյունից հիմնարար նշանակություն ունեցող բովանդակային հարցեր, մասնավորաբար՝ խոսքը վերաբերում է Ալմա Աթայի հռչակագրի հիմնարար սկզբունքի հիշատակմանը։ Իսկ դա կարող է հանգեցնել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խաթարմանը՝ հաշվի առնելով Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները

Պողոսյանը շեշտում է՝ Ալմա Աթայի հռչակագիրը չի կարող որևէ ձևով հիմք լինել սահանազատման գործընթացի համար։ Ըստ նրա, բացի այն, որ հռչակագիրն իրավական որևէ ուժ չի ունեցել Ադրբեջանի համար մինչև 1993թ սեպտեմբերը, այնտեղ խոսվում է ոչ թե սահմանների ճանաչման, այլև այլ տարածքային ամբողջականության հարգման մասին է։

«Այսինքն՝ կանոնակարգում հղում է արվում մի այնպիսի փաստաթղթի, որն ընդհանրապես վերաբերելի չէ սահմանների ճանաչմանը, դա կարող է հիմք հանդիսանալ և վստահաբար հիմք է լինելու Ադրբեջանի համար նաև հրաժարվելու 1991թ գոյություն ունեցող սահմաններից, իրենց համար ընտրել ավելի ձեռնտու տարբերակներ»,- կարծում է սահմանադրագետը։

Առավել ևս, երբ կանոնակարգի նախաբանի երկրորդ պարբերությունում՝ Ալմա Աթայի հռչակագրի հիշատակումից հետո նշվում է, որ հիմնարար սկզբունքը կարող է փոխարինվել մեկ այլ սկզբունքով։

Վերջում Վարդան Պողոսյանը հավելում է՝ Սահմանադրական դատարանի դատավորների մեծամասնությունն Անկախության հռչակագիրը դիտարկել է միայն որպես պատմական փաստաթուղթ՝ մոռանալով, որ այն Հայաստանի անկախ պետականության ստեղծման հիմքն է և մինչև այժմ ունի նորմատիվային մեծ նշանակություն։

Sputnik Արմենիա