Դատախազությունը պահանջում է Սեդրակ Քոչարյանից բռնագանձել գույք ու դրամական միջոցներ

Դատախազությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուց՝ Սեդրակ Քոչարյանից ու նրա կնոջից՝ Զարուհի Բադալյանից, պահանջում է հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ գույքեր, պարտատոմսեր ու այլ ֆինանսական միջոցներ։

Այսպիսով՝ դատախազությունը պահանջում է բռնագանձել 14 անշարժ գույք, Երևան քաղաքում 1 բնակարանի գնման իրավունք, ինչպես նաև 11 իրավաբանական անձում մասնակցություն։ Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից։

Ռոբերտ Քոչարյանի որդու ընտանիքից պահանջվում է բռնագանձել նաև 1 ,361 ,852 դոլարով և 985, 190, 729 դրամով ձեռք բերված պարտատոմսեր, 703.059 և 200.000.000 դրամի չափով ներդրված ավանդ, 8 մլրդ 235,4 մլն դրամի, 4, 007, 674 դոլարի, 588. 954 եվրոյի և 16.000.000 ռուբլու չափով տրամադրված փոխառության պահանջի իրավունք։

«Հունաստանի Միկոնոս կղզու Անո Մերա կոչվող տարածքում գտնվող առանձնատան ձեռքբերման (կառուցման) արժեք՝ 1 մլրդ 286.6 մլն դրամ, տանզանական «Փլեյմաստեր գեյմինգ քորփորեյշն» ընկերության մասնակցության ձեռքբերման արժեք՝ 416.084.506 դրամ, տանզանական «ՄՄՋ Գոլդ Լիմիթեդ» ընկերության մասնակցության ձեռքբերման արժեք՝ 1 մլրդ 958.6 մլն դրամ», -ասված է հաղորդագրությունում։

Որպես ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդ նրանցից կբռնագանձվի 2 մլրդ 721.3 մլն դրամ, իսկ որպես անձի օրինական եկամուտներով չհիմնավորվող, ապօրինի ծագում ունեցող և բարեխիղճ ձեռքբերողների փոխանցված կամ չնույնականացված դրամական միջոցների հանրագումար՝ 11 մլրդ 270.4 մլն դրամ։

Sputnik Արմենիա