Փարաջանով - 100. հոբելյանի առթիվ մաեստրոյի մասին բալետային ներկայացում է բեմադրվել
Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակներում Երևանում կկայանա հայ- ֆրանսիական «Բալետ Փարաջանով» բալետային ներկայացման պրեմիերան։
Ներկայացումը Ֆրանսիայի «Պրելժոկաժ» բալետային երիտասարդական խմբի (Ballet Preljocaj Junior) ու ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի «Բարեկամություն» պետական անսամբլի համատեղ աշխատանքն է։
Ներկայացման բեմադրող-ռեժիսորն ու խորեոգրաֆը ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Մեհրաբյանն է։ Նա այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ներկայացրեց, թե ինչպես է ծնվել այս ներկայացման գաղափարը։
Մեկ տարի առաջ, երբ Հայաստանում էին Մարսելի մշակութային միության ղեկավարները, առաջարկել էին «Բարեկամություն» պետական ասամբլին համատեղ նախագիծ անել։ Ավելի ուշ՝ երբ Արսեն Մեհրաբյանին Սերգեյ Փարաջանովի տուն թանգարանից առաջարկել էին բալետային ներկայացում բեմադրել ռեժիսորի մասին, նա որոշել էր հենց այս ներկայացումը բեմադրել ֆրանսիացի գործընկերների հետ։
«Ես որոշեցի, որ ներկայացումը պետք է ոչ միայն իր ստեղծագործությունների հիման վրա լինի, այլ նաև կյանքի՝ ընտանիքի, բանտում եղած տարիների ու այլ մանրամասների։ Ամբողջ ներկայացումը ստացվեց փարաջանովյան մի կոլաժ, և այնպես ստացվեց, որ համընկավ Փարաջանովի ժամանակակից կերպարի ու մտածելակերպի հետ»,- ասում է Մեհրաբյանը։
Ֆրանսիայի «Պրելժոկաժ» բալետի երիտասարդական խմբի ղեկավար Գիյոմ Սիաղդը հույս ունի, որ այս ներկայացումն այնքան հաջողություն կունենա, որ կներկայացվի նաև Մարսելում ու Ֆրանսիայի մյուս քաղաքներում։
«Փարաջանովի արվեստը այնքան բազմազան է ու բազմաժանր, որ ես կուզեի՝ այն ներկայացվեր նաև ամբողջ աշխարհում»,- ասաց նա։
Նշենք, որ ներկայացման պրեմերան տեղի կունենա հոկտոմբերի 14-15-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։