Լուազո․ ԵԽ-ը հնարավոր է Ադրբեջանում կայանալիք COP29-ի հարցով բանավեճ անցկացնի
Եվրախորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն տեղեկացրել է, որ իր նախաձեռնությամբ Եվրախորհրդարանը հնարավոր է Ադրբեջանում կայանալիք COP29-ի հարցով բանավեճ անցկացնի:
«Մոլորակի պաշտպանությունը, իհարկե, կարևոր է, սակայն Բաքվում համաժողովի անցկացումը լուրջ հարցեր է առաջացնում»,- ասել է Լուազոն:
Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի տնտեսությունը կախված է ածխաջրածիններից, այդ երկրում զանգվածաբար ոտնահարվում են մարդու իրավունքները: Լուազոյի խոսքով՝ Բաքուն նաև թշնամական գործողություններ է իրականացնում Ֆրանսիայի դեմ:
«Ավելին, Բաքուն դեռ հաշտություն չի կնքել Հայաստանի հետ և մեղավոր է 100.000 հայի էթնիկ զտման համար»,- հավելել է եվրապատգամավորը:
ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնն էլ մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի իշխանությունը պատասխանատվության չի ենթարկվել իր արարքների համար: «Նրանց չի կարելի թույլ տալ օգտագործել COP29-ը իրենց հեղինակությունը վերականգնելու համար»,- համոզմունք է հայտնել Փալոնը:
Aysor.am