ՍՓՅՈՒՌՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԵՐԺՎԱԾՆԵՐԸ, կամ՝ ՆՈՐ ԿԵՏ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳՐԱՖԻԿՈՒՄ

Սոցցանցերում և լրատվամիջոցներում համառ լուրեր են շրջում, որ վերջերս Իտալիա կատարած այցի ընթացքում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ջանադրաբար հանդիպում է փնտրել Հենրիխ Մխիթարյանի հետ: Հաղորդվում է, մասնավորապես, որ սպառելով պաշտոնական ուղիները՝ Ավինյանը դիմել է ֆուտբոլիստի մերձավոր շրջապատի օգնությանը, սակայն բոլոր փորձերն ապարդյուն են եղել: Ըստ աղբյուրների, Հենրիխի պատասխանը հստակ էր և միանշանակ. ՀՀ ներկայիս իշխանությունների հետ՝ ոչ մի հանդիպում, և «կարող եք փոխանցել սա բոլորին»:

Թե որքանով են այդ տեղեկությունները հավաստի, հանձն չենք առնի դատել, բայց վերջին շրջանում ի հայտ են գալիս գնալով ավելի շատ փաստեր, որոնք վկայում են, որ փաշինյանական ոհմակի ներկայացուցիչներն այլևս անցանկալի հյուրեր են տարբեր երկրների հայ համայնքներում։ Որքան ավելի համառորեն է ռեժիմը ջանում ապացուցել, թե վայելում է Սփյուռքի զգալի շերտերի աջակցությունը, այնքան ավելի հաճախակի են մակերես ելնում հակառակի ապացույցները։

Եվ նույնիսկ վերջերս տեղի ունեցած սինանյանական «համահայկական համաժողովը» չհրապուրեց արտերկրում ապրող փոքրիշատե հայտնի և ազդեցիկ հայերի, ընդ որում նշանավորվելով Փաշինյանի սկանդալային հայտարարությունների մի ամբողջ փնջով, որոնք դժվար թե, մեղմ ասած, ավելացրած լինեն նրա կողմնակիցների թիվը Սփյուռքում։

Բոլորի հիշողության մեջ դեռ թարմ է, թե ինչպես հեռավոր Կանադայից ապտակեցին, ավելի ճիշտ՝ թունդ թքեցին հանրահայտ թքող Ալեն Սիմոնյանի երեսին։ ՔՊ-ականների թայֆան, միայն «յուրայինների» նեղ շրջանակով, պատրաստվում էր հերթական արտասահմանյան ճամփորդություն-զվարճանքին, այն էլ այնպիսի ոչ այնքան մատչելի, բայց շատ հրապուրիչ երկրում, ինչպիսին Կանադան է։ Բայց ստացվեց «իշտահին՝ քացախ»:

Գլխավորապես այդ երկրի հայ համայնքի ջանքերով միայն իշխող կուսակցության պատգամավորներից և նրանց մտերիմ ԱԺ վարչական մի քանի աշխատակիցներից բաղկացած պատվիրակության այցը (հիշեցի՞ք «ժողովրդավարության բաստիոնը») Սիմոնյանի համար խայտառակ կերպով չեղարկվեց։ Սնապարծ խոսնակին հասկացնել տվեցին, որ նրա այցը Կանադա անցանկալի է։

Ավելին, ենթադրվող այցի նախօրեին Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին հանդես եկավ հայտարարությամբ, որի գլխավոր կետերը հակասում են Արցախի հարցի վերաբերյալ Փաշինյանի օկուպացիոն ռեժիմի պաշտոնական դիրքորոշմանը, այդ թվում՝ հենց Ալենի ցինիկ արտահայտություններին։ Քանզի կանադացի նախարարի հայտարարության մեջ հաստատվում էր նախևառաջ այն, ինչն ամեն կերպ փորձում է ժխտել Հայաստանի դե ֆակտո իշխանությունը. Արցախի հարցը փակված չէ։

Վաղուց ոչինչ չի լսվում նաև համայնքների հետ Սփյուռքի գործերի հանձնակատար Սինանյանի հանդիպումների մասին, որը վերջին տարիներին անթիվ ձրի շրջագայություններ էր կատարում բոլոր մայրցամաքներում, փորձելով հավաքել Նիկոլին անհրաժեշտ Սփյուռք։ Թե ինչ ստացվեց այդ ամենից՝ հստակ ցույց տվեցին, բացի ամենայնից, Փաշինյանի վերջին երեք այցերը խոշորագույն հայ համայնքներ ունեցող երկրներ. ԱՄՆ, Ֆրանսիա և Ռուսաստան։

Այդ երկրներից ոչ մեկում չկազմակերպվեց միջոցառում, ինչը տասնամյակներ շարունակ անփոփոխ ու բնական է եղել աշխարհասփյուռ ազգի համար. երկրի ղեկավարները հանդիպումներ են անցկացրել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Սեպտեմբերին Փաշինյանը կնոջ հետ գրեթե մեկ շաբաթ քեֆ էր քաշում ԱՄՆ-ում, որտեղ բնակվում է հայկական ամենամեծաթիվ և հաստատ ամենաազդեցիկ ու հզոր համայնքներից մեկը։ Ռեժիմի պարագլուխն այնտեղ բազմաթիվ հանդիպումներ ունեցավ, իսկ ամենակարևորը՝ իրականացրեց, կարելի է ասել, իր ողջ կյանքի երազանքը. արժանացավ Թուրքիայի նախագահի ընդունելությանը, բարեհաճությանն ու նվերին։ Իսկ այ հանդիպում անցկացնել Նյու Յորքի հայերի հետ (պաշտոնական տվյալներով՝ քաղաքում բնակվում է մինչև 25 հազար հայ) չբարեհաճեց։ Մակունցը (ի դեպ, հետաքրքիր է, թե ինչո՞վ է զբաղված ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան կոչեցյալը, վաղուց նրանից ձայն-ծպտուն չկա) վերջնականապես ծուլացել է։ Թե՞ այնուամենայնիվ ցանկացողներ չեն գտնվել։

Ճիշտ է, Էրատո Հակոբյանը ի վերջո հանդիպեց «հայ համայնքի ներկայացուցիչների» հետ։ Համենայնդեպս այդպես անվանեց Նիկոլի կողակցուհին նրանց, ում հետ ընթրեց Նյու Յորքում՝ ցուցադրելով հերթական բրենդային հագուստը։ Իրականում պարզվեց, որ հանդիպումը կազմակերպել է ՀՀ դեսպանության մշակույթի հարցերով կցորդը, որը կարողացել է հավաքել, ինչպես երևում է Հակոբյանի հրապարակած տեսանյութում, ամբողջ 30 հոգու։

Եվ զրույցն ամենևին էլ պատմական մասշտաբի այն ողբերգական իրադարձությունների մասին չէր, որ ապրում է հայ ժողովուրդը, այլ Հակոբյանի գլխավորած «Իմ քայլը» հիմնադրամի ծրագրերի։ Հիմա հասկանալի՞ է, թե ինչ նպատակով էր կազմակերպվել ընթրիքը։ Չէ՞ որ նախկինում ամերիկահայերը ժլատություն չէին անում. միլիոնները հոսում էին փաշինյան-հակոբյանական լայն գրպան։ Հետաքրքիր է, այս անգամ Էրատոյին ինչ-որ բան հասա՞վ:

Վերադառնանք, սակայն, նրա ամուսնյակին։ ԱՄՆ-ից վերադառնալուց մեկ շաբաթ անց Նիկոլը մեկնեց Ֆրանսիա՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին։ Փարիզում նա անցկացրեց 3 օր։ Բայց այնտեղ էլ հանդիպում տեղի չունեցավ Եվրոպայի ամենամեծ հայ համայնքի ներկայացուցիչների հետ. հիշեցնեմ, որ միայն Փարիզում ապրում են ավելի քան 200 000 մեր հայրենակիցներ։ Ցանկացողներ չգտնվեցի՞ն, թե ոնց։

Վերջապես, հոկտեմբերի 7-8-ը Փաշինյանն անցկացրեց Մոսկվայում, և կրկին ծրագրում հանդիպում չկար աշխարհի ամենամեծ հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Միայն Մոսկվայում և Մոսկվայի մարզում ապրում է ավելի քան 165 հազար հայ։ Մի՞թե նրանց մեջ չգտնվեցին Նիկոլի գոնե հարյուր երկրպագուներ, որոնք կփափագեին հանդիպել իրենց կուռքի հետ։

Դատելով Google-ում որոնման արդյունքներից՝ արտերկրի հայրենակիցների հետ վերջին հանդիպումը ռեժիմի պարագլուխն անցկացրել է սույն թվականի փետրվարին Մյունխենում։ Ընդ որում միջոցառումն այնքան խղճուկ էր, որ ծաղրի ենթարկվեց սոցցանցերում. հավաքվածների թիվը չէր անցնում 20-25-ից, որոնց կեսը պատվիրակության անդամներն էին և ՀՀ դեսպանության աշխատակիցները: Գուցե հենց այդ պատճառով էլ խուսափո՞ւմ է այն ժամանակից ի վեր:

Անշուշտ, նույնիսկ հաշվի առնելով ՀՀ իշխանությունների նկատմամբ Սփյուռքի մեծամասնության կտրուկ փոխված վերաբերմունքը, բոլորովին դժվար չէր լինի նման հանդիպումներ կազմակերպել և՛ Նյու Յորքում, և՛ Փարիզում, և՛ Մոսկվայում։ Գտնել և հավաքել հիսուն և նույնիսկ ավելի կա՛մ անտարբեր, կա՛մ քարոզչությամբ հիմարացված մարդկանց, կա՛մ պարզապես պաշտոնական ընդունելությունների սիրահարների՝ կարելի է միշտ և ամենուր։ Եվ միշտ էլ հնարավոր է, մտաբերելով տխուր փորձը, զտել մասնակիցներին այնքան հանգամանորեն, որ «վարչապետն» ապահովագրված լինի անցանկալի հարցերից ու միջադեպերից։

Բայց, դատելով ամենից, այսուհետ Փաշինյանի արտասահմանյան այցերի օրակարգում Սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպումները բացակայելու են։ Դրան պետք չեն նրան, հետաքրքիր չեն։

Փոխարենը՝ գրաֆիկում անփոխարինելի և պարտադիր կետ կլինեն հեծանվային զբոսանքները աշխարհի մայրաքաղաքներում ու քաղաքներում։ Քա՜վ լիցի, բնավ մտադիր չեմ խաղակցել Նիկոլին, որը կազմակերպում է այդ տխմար ցուցադրական հեծանվային արշավները միանգամից մի քանի նպատակներով և հասնում դրանց։ Բայց փաստը մնում է փաստ. Փաշինյանն այլևս ժամանակ և ցանկություն չունի հանդիպումներ ու քննարկումներ անցկացնելու Սփյուռքի մեր հայրենակիցների, նույնիսկ իրեն դեռևս հավատարիմ մնացած երկրպագուների հետ։

Ասում էր, չէ՞, մարդը, որ հեծանիվն իր ամեն ինչն է։ Ահա և ապացուցում է: