Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիները ենթարկվում են խոշտանգումների. ասուլիս Փարիզում
Արման Թաթոյանը, Արտակ Բեգլարյանն ու Գառնիկ Քերքոնեանը Փարիզում հոկտեմբերի 10-ին մամուլի ասուլիս են տվել Ֆրանսիայի լրագրողների՝ հայերի իրավունքների ադրբեջանական խախտումների ու պաշտպանության մեխանիզմների հարցերով: Հայտնում են Թաթոյան հիմնադրամից:
Ասուլիսին ներկայացվել են ադրբեջանական հանցանքների ապացույցներն Արցախում և Հայաստանում: Բանախոսների ելույթներն ընդգրկել են հետևյալ հիմնական թեմաները՝
Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների և պատանդների ազատ արձակման և Հայրենիք վերադարձի պարտադիրությունը` շեշտելով, որ նրանք ենթարկվում են խոշտանգումների և գտնվում են կյանքի համար ամենօրյա սպառնալիքների տակ:
Արցախի ժողովրդի նկատմամբ ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունը, այդ թվում` շրջափակումը, բռնի տեղահանումը և հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացման փաստերը:
Արցախի բնիկ ժողովրդի վերադարձի իրավունքի պատշաճ իրացման մեխանիզմների հարցերը՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը համապատասխան:
2020 թվականից ի վեր Հայաստանի Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերի տարածքների ադրբեջանական օկուպացիայի փաստերը՝ ներկայացնելով մարդկանց նկատմամբ ադրբեջանական ամենօրյա հանցանքները:
Հայ ժողովրդի դեմ ադրբեջանական ռասիզմի, քսենոֆոբիայի և թշնամանքի շարունակվող քաղաքականությունը` բարձրագույն իշխանության հովանավորչությանբ:
Նշված և մնացած բոլոր հանցանքների համար ադրբեջանական իշխանությունների նկատմամբ պատասխանատվության արդյունավետ միջոցներ կիրառելու անհրաժեշտությունը, ինչը միտված կլինի նաև կանխելու ադրբեջանական հետագա հանցանքները:
Օրվա վերջում Փարիզի հայկական մշակույթի տանը տեղի է ունեցել հանդիպում Հայ համայնքի հետ. ներկայացվել են վերոնշյալ թեմաների մանրամասները:
Միջոցառումները կազմակերպվել են Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի աջակցությամբ:
Verelq.am