Կարմիրբերետավորները մտել են Արա Աբրահամյանին պատկանող տարածք
Երևանի Արամի փողոցում լարված իրավիճակ է. հատուկ տեխնիկայի միջոցով ազատում են Ռուսաստանի հայերի միության նախագահ, գործարար Արա Աբրահամյանին պատկանող տարածքը։
Այդ հատվածին կից տարածքը պատկանում է ֆիզիկական անձանց, որոնք էլ նախաձեռնել են այս գործողությունը։
Տարածքը, որը քանդում են, պատկանում է «Սոգլասիե Արմենիա» ընկերությանը («Սոգլասիե» ՓԲԸ–ն 1993 թվականին հիմնադրել է Արա Աբրահամյանը), իսկ մյուս տարածքի սեփականատերերին քաղաքապետարանը թույլատրել է հյուրանոցային համալիր կառուցել։ Այժմ այս տարածքների շուրջ դատ է ընթանում, և «Սոգլասիե Արմենիա»–ն վստահեցնում է` քաղաքապետարանի տված թույլտվությունն անօրինական է։
«Սոգլասիե Արմենիա» ընկերության տնօրեն Ավետ Ադոնցը լրագրողների հետ զրույցում ասաց, որ տարածքը կապարակնքված էր։
«Մյուս տարածքի սեփականատերն էլ եկել և, մասնավոր սեփականության իրավունքները խախտելով, պոկել է այն ու մտել մեր տարածք։ Դրա համար մենք հայց ենք ներկայացրել։ Սերվիտուտի (ընչական իրավունքի տեսակ, ըստ որի` անձին իրավունք է վերապահվում օգտվել ուրիշի գույքից որոշակի շրջանակներում) համաձայնագիր, պայմանագիր, ոչինչ չկա։ Դատարանի որոշումը դեռ չի կայացվել։ Սեփականության իրավունքն է խախտվում, որին նպաստում է ոստիկանությունը (ժամանել են նաև կարմիրբերետավորները, որոնք արդեն մարդկանց են բերման ենթարկել. խմբ.)»,– նշեց Ադոնցը։
«Սոգլասիե Արմենիա» ընկերությանը պատկանող տարածքի շահերը ներկայացնող փաստաբան Արամ Վարդևանյանն էլ շեշտեց` ըստ օրենքի` երբ հարևանների միջև վեճ կա, այն պետք է դատական կարգով լուծվի։ Տվյալ դեպքում որևէ հարց դատական կարգով չի կարգավորվել, սերվիտուտի հարաբերություն էլ առկա չէ։
Վարդևանյանը հայտնեց` իրենց ընկերությանը նախապես ներկայացվել է, որ նմանատիպ գործողություններ են լինելու, բայց իրենք էլ հակափաստարկներ են ներկայացրել։
Մյուս տարածքի սեփականատիրոջ ներկայացուցիչ փաստաբան Արամ Կարախանյանն էլ վստահեցրեց, որ իրենք որևէ անօրինական գործողություն չեն անում, քաղաքապետարանից թույլտվություն ունեն, իսկ եթե «Սոգլասիե Արմենիա»–ն նման դիրքորոշում ունի, կարող է հանցագործության մասին հաղորդում տալ։
«Մենք տեսաձայնագրություններ ունենք, համաձայն որոնց` այս հողն արդեն ձերը չէ, քանի որ պայմանագիրն անվավեր է ճանաչվել»,– ասաց նա։
Ադոնցը Կարախանյանին մի քանի անգամ հորդորեց ցույց տալ սերվիտուտի վկայականը, որը նա չներկայացրեց, բայց վստահեցրեց` իրենք ունեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, իսկ սերվիտուտի վկայականը պատկանում է Երևանի քաղաքապետարանին։
«Սերվիտուտը մերը չէ, հողը ձեզ տրվել է, դուք էլ այն տվել եք համայնքին։ Համայնքն էլ մեզ շինթույլտվություն է տվել, ավելին` մուտք ու ելքերն ընդհանուր օգտագործման են, ու որևէ մեկն իրավունք չունի դրանք սահմանափակելու»,– նշեց Կարախանյանը։
Ադոնցը շեշտեց` այն, ինչ եղել է, ժամկետներից ելնելով անվավեր են ճանաչվել, ու որևէ մեկն իրենց տարածքով մուտք ու ելք անելու իրավունք չունի։
Sputnik Արմենիա