ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ԱՌԱՆՑ ՄԵՂԱԴՐԱՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

Ի տարբերություն Արփի Դավոյանի՝ իրավաբանական կրթության դիպլոմ չունեմ։ Բայց առանց դիպլոմի էլ հեշտ է տարակուսել՝ տեսնելով, որ Հայաստանում ընթանում է դատավարություն, որում կան մեղադրյալներ, իսկ այ մեղադրանք որպես այդպիսին չկա։ Համենայն դեպս, երեկվա՝ 2024թ. հոկտեմբերի 11-ի դրությամբ։

ԵՎ Ո՞Վ Է ՄԵԶԱՆՈՒՄ ԳԼԽԱՎՈՐ ՄԵՂԱԴՐՅԱԼԸ, ՈՐԻՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ։ Ռոբերտ Քոչարյանը, որն բանտում արդեն անցկացրել էր 1,5 տարի՝ շինծու մեղադրանքով, մի հոդվածով, որը հետագայում ճանաչվեց հակասահմանադրական: Ուրիշ էլ ո՞վ կարող է մեզ մոտ մեղադրյալի վիճակում լինել, որը չգիտի, թե ինչ են իրեն մեղսագրում, քանի որ մեղադրանք որպես այդպիսին չկա։

Նոր խոսք Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք պետականության փլուզման ժամանակների արդարադատության պատմության մեջ։ Չէ, իսկ ի՞նչ կա որ: Դատավոր կա, դատախազները տեղում են, փաստաբանները՝ նույնպես, մեղադրյալներ էլ կան. մեղադրանք չկա, բայց դա մանրուք է։

Սկզբունքորեն, կարող են հետագայում զարգացնել մոտեցումը: Դատավճիռ կայացնել առանց մեղադրանքի, ո՞ւմ են պետք պայմանականությունները: Կարելի է ավելի հեռուն էլ գնալ. նստեցնել մարդուն առանց հետաքննության, մեղադրանքի և դատավճռի։ Դե, որ պետք է, ուրեմն պետք է, եթե Նիկոլը վախենում է։

Միայն հիմա մինչև վերջ հասկացա քաղաքականությունից Ռոբերտ Քոչարյանի հեռանալու անհրաժեշտության մասին Մարուքյանի, Սուրենյանցի, Միքայել արքեպիսկոպոսի և մի քանի այլ անձանց հայտարարությունների ողջ սքողված ենթատեքստը։ Հասկանալ՝ չի նշանակում համաձայնել:

Բայց անցնենք բուն էությանը: Բոլորը քննադատում են վերոնշյալ քաղաքական և ոչ այնքան քաղաքական կերպարներին՝ պնդելով, որ նրանց այդ պահանջներն անհեթեթ են։ Անհեթեթն անհեթեթ են, բայց ողջ խնդիրն այն է, որ Մարուքյանը, Սուրենյանցը, արքեպիսկոպոսն ու ընկերախումբը մինչև վերջ չեն ասում, թե որն է իրենց կոչերի յուրօրինակ տրամաբանությունը: Եթե ասեին, շատերը առաջվա պես չէին համաձայնի նրանց հետ, բայց գոնե մի քիչ ավելի լավ կհասկանային:

Իսկ տրամաբանությունն այն է, որ հիշյալ գործիչները, ճիշտ է, բացահայտ չեն հայտարարի, բայց համարում են, որ քանի դեռ Ռոբերտ Քոչարյանը քաղաքականության մեջ է, Փաշինյանը ահավոր վախենում է, որ իրեն կփոխարինի հենց Ռոբերտ Քոչարյանը։ Դրա համար էլ Նիկոլ Փաշինյանը ամեն հնարք բանեցնելով կկառչի իշխանությունից։ Եվ իշխանությունը պահելու համար պատրաստ կլինի վճարել ցանկացած գին։ Ում ասես:

Այս խորապատկերին դատավարությունը, որը սկսվում է առանց մեղադրյալին մեղադրանք ներկայացնելու, ոչ այլ ինչ է, քան մանկական փոքրիկ չարաճճիություն:

Իսկ այ, եթե Քոչարյանը հեռանա քաղաքականությունից, ապա կարող է հնարավորություն առաջանալ, համարում են Մարուքյանն ու ընկերախումբը. Փաշինյանը կհանդարտվի, կհանգստանա, և հնարավոր կլինի փորձել հաշտ ու բարիշ համոզել նրան, որ սուսուփուս հեռանա։ Թեկուզ անգլիական ձևով, թեկուզ ֆրանսիական: Քանի դեռ Հայաստանի գլխին է՛լ ավելի մեծ դժբախտություններ ու անդառնալի աղետներ չի բերել։

Միայն թե չարաչար սխալվում են Մարուքյանը, Սուրենյանցը, եկեղեցու սպասավորը և այդպես մտածող մյուս անձինք։ Փաշինյանը հոժարակամ չի հանձնի իշխանությունը ոչ մի պարագայում։

Բանն այն է, որ նրան ուղղված հարցերի ցուցակ ունի ոչ միայն Ռոբերտ Քոչարյանը։ Շատ-շատերն ունեն այդպիսի ցուցակ, որով Փաշինյանը վաղ թե ուշ, բայց ստիպված է լինելու պատասխան տալ ծայրեծայր։ Եվ այդ մեղադրանքները կներկայացվեն օրենքի տառին ու ոգուն համապատասխան։