44-օրյա պատերազմի վարույթներով դատարան է ուղարկվել 600-ից ավելի անձի վերաբերյալ գործ

44-օրա պատերազմի ընթացքում կատարված հանցագործությունների վերաբերյալ դատարան է ուղարկվել 600-ից ավելի անձի մասին մեղադրական եզրակացությամբ գործ, Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։

Նա ավելացրել է, որ շուրջ 100 մեղադրական եզրակացությունների վերաբերյալ քննարկումներ են ընթանում գործերն ավարտելու և դատարան ուղարկելու համար։ Նա ընդգծել է, որ դատավարությունները, ենթադրաբար, կանցկացվեն դռնփակ՝ հաշվի առնելով տվյալների գաղտնիությունը։

«Դատավարություններն ընթանում են։ Ենթադրում եմ՝ մեծ մասը փակ ռեժիմով կքննվի, որովհետև տարբեր աստիճանի գաղտնիքների առնչություն կլինի այդ վարույթներով։ Այս հարցին վերաբերել ենք ոչ թե որպես քրեական գործերի, այլև կարևորել ենք քրեական վարույթների պատմական արժեքը և փորձել ենք հնարավորինս օբյեկտիվ անդրադառնալ բոլոր դրվագներին։ Կան մարտական գործողություններ, որոնց ընթացքին անդրադարձել ենք ընդհուպ մինչև ցանկացած շարքային զինծառայողին հարցաքննելու մակարդակի։ Շուրջ 2000 հատոր է կազմում գործերի ընդհանրական քանակը»,- ասել է ՔԿ նախագահը։

Քյարամյանի խոսքով՝ ադրբեջանական ագրեսիայի ընթացքում տեղի ունեցած հանցագործությունների վերաբերյալ գործերը գրեթե վերջնական փուլում են գտնվում, և ՔԿ-ին հաջողվել է կառուցել տեղի ունեցածի ընդհանուր պատկերը։

«Բոլոր ուղղություններով իրավիճակը մեզ համար արդեն պարզ է։ Հիմնական քննություններն արված են, և ունենք մեր տեսանկյունից իրական պատկեր»,- ասել է նա՝ հավելելով, որ ՔԿ-ի համար շատ ավելի կարևոր է պատկերը, քան առանձին անձանց քրեական պատասխանատվությունը։

44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման նպատակով 2022թ ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը սեպտեմբերի 6-ին հայտարարել էր, որ հանձնաժողովն ավարտել է աշխատանքները, եզրակացությունները պատրաստ են և կներկայացվեն Ազգային ժողովին։

Անդրադառնալով հանցավորության ցուցանիշի աճին՝ Քյարամյանն ասել է, որ դա պայմանավորված է քրեական դատավարության նոր օրենսգրքի կիրարկմամբ։

«Եթե նախկինում ունեինք նյութերի նախապատրաստման փուլ, որտեղ շատ քրեական գործեր ուղղակի չէին հարուցվում, հիմա գրեթե բոլոր հանցագործությունների մասին հաղորդումներով վարույթներ ենք նախաձեռնում, քանի որ չկա այդ փուլը՝ վարույթ նախաձեռնելու որոշում կայացնելու»,- մանրամասնել է նա։

Ըստ ՔԿ նախագահի՝ այս հանգամանքը հանգեցրել է հարուցված վարույթների թվի աճին։ Մյուս կողմից, ըստ նրա, կա նաև իրավապահ համակարգին դիմելիության աճ։

Armenia Today