Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարների հանդիպումը չեղարկվել է

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի միջև Ժնևում նախատեսված հանդիպումը չեղարկվել է։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հրապարակել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը։

«Ադրբեջանական կողմը վերջին պահին հրաժարվել է նախապես ձեռքբերված պայմանավորվածությունից»,– ասված է հաղորդագրության մեջ։

Հարությունյանը նաև նշել է, որ հանդիպման չեղարկման պատճառների մասին ՀՀ ԱԺ նախագահը Երևան վերադառնալուց հետո հանդես կգա լրացուցիչ պարզաբանմամբ։

Հիշեցնենք` Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարների միջև հանդիպում էր կայացել նաև մարտի 22-ին Ժնևում։ Ըստ ԱԺ մամուլի ծառայության` Ալեն Սիմոնյանն ու Սահիբա Գաֆարովան Ժնևում կայացած հանդիպմանը քննարկել են երկու երկրների միջև ընթացող խաղաղ բանակցությունների գործընթացին խորհրդարանների հնարավոր աջակցությունը: Ալեն Սիմոնյանը մարտի 28-ին հայտարարել էր, որ բավական կառուցողական հանդիպում է եղել։

Sputnik Արմենիա