Պեզեշքիանը Ադրբեջանին զգուշացրել է, որ օտար երկրների համար ռազմահենադաշտ ստեղծելը հետևանքներ կունենա
Իրանի նախագահը Ադրբեջանի Հանրապետությանը զգուշացրել է տարածաշրջանում օտար պետությունների համար ռազմահենադաշտ ստեղծելու սարսափելի հետևանքների մասին, գրում է իրանական Tasnim գործակալությունը։
Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանը Թեհրանում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ հանդիպմանը հաստատել է Իրանի հարգանքը Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ։
Իրանը պնդում է, որ ոչ մի պետության ինքնիշխանությունը չպետք է անտեսվի, ասել է Պեզեշքիանը, սակայն զգուշացրել է, որ տարածաշրջանում օտար պետությունների համար ռազմահենադաշտ ստեղծելը տարածաշրջանի երկրների շահերից չի բխի:
«Մենք հավատում ենք, որ համագործակցության միջոցով կարող ենք ապահովել անվտանգություն և լուծել մեր խնդիրները։ Դա Իրանի Իսլամական Հանրապետության վարչակազմի սկզբունքային քաղաքականությունն է, որը միշտ ընդգծել ենք»,- հավելել է Պեզեշքիանը:
Նա կոչ է արել հեշտացնել առևտուրը իսլամական երկրների միջև՝ հայտարարելով, որ անվտանգության ամրապնդման, խաղաղության խթանման կամ պետությունների միջև հարաբերությունները զարգացնելու համար սահմանների երկայնքով պատեր կառուցելու անհրաժեշտություն չկա:
Պեզեշքիանը ողջունել է նաև Իրանի և Ադրբեջանի միջև երկաթուղային և ցամաքային ուղիների ընդլայնման նախաձեռնությունները՝ հայտարարելով, որ Թեհրանը ձգտում է զարգացնել համագործակցությունը Բաքվի հետ տարբեր ոլորտներում, մասնավորապես էներգետիկ և գյուղատնտեսության բնագավառում:
News.am