ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԼՍՈՒՄՆԵՐ Է ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԴ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ՀԱՐՑՈՎ

Հոկտեմբերի 17–ին խորհրդարանական ընդդիմությունը` «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները կազմակերպել են ԱԺ լսումներ Անկախության հռչակագրի նկատմամբ ՍԴ դիրքորոշման վերաբերյալ։ Sputnik Արմենիայի «Աբովյան Time» պոդքասթի եթերում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Ընդդիմադիր պատգամավորը հայտնեց, որ լսումներին ներկա են լինելու մոտ 100 հոգի` փորձագետներ, իրավաբաններ, միջազգայնագետներ։

Նշենք, որ ՀՀՍահմանադրական դատարանը սեպտեմբերի 26-ի իր որոշմամբ վճռել է, որ Հայաստանի Անկախության մասին հռչակագրում հաստատագրված համազգային այն նպատակները, որոնք Սահմանադրության բուն տեքստում տեղ չեն գտել, չունեն իրավական ուժ։

«Այդքան աղմուկ բարձրացրած Հայաստանի ևԱդրբեջանի միջև սահմանազատման պետական հանձնաժողովների աշխատակարգը առաջիկայում գալու է Ազգային ժողով։ Իշխանությունը փորձեց շըփ–թըփ Սահմանադրական դատարանով վավերացնել, հետո արագ տեմպերով բերել, նաև հանրային քննարկում չծավալվեց։ Այդ պատճառով էլ խնդիր դրեցինք քննարկել այդ հարցը, բայց ավելի շատ քննարկման նյութը վերաբերելու է Անկախության հռչակագրի նկատմամբ ՍԴ դիրքորոշմանը»,–պարզաբանեց Մանուկյանը։

Նրա խոսքով` ՀՀ 33 տարվա պատմության մեջ աննախադեպ է իրադարձություն է, որ Անկախության հռչակագիրը թեկուզ մեկ տող ստորակետով կասկածի տակ է դրվում, այն էլ՝ Սահմանադրական դատարանի կողմից։

Պատգամավորը հավելեց, որ այս թեմայով նաև ԱԺ հայտարարության նախագիծ են պատրաստում (

«ՍԴ–ն փորձեց գնահատել, թե անկախության հռչակագրի որ կետն է գործում, որը չի գործում, փորձեց հիմնավորել, որ Անկախության հռչակագրի այն կետերը, որոնք չկան Սահմանադրության մեջ արձանագրված, դրանք ինքնաբերաբար չեն գործում, որն ուղղակի հակասահմանադրական է։ Ուղղակի կասկածի տակ է դրվում ՀՀ ծննդյան վկայականը, այն, ինչ Նիկոլ Փաշինյանը փնտրում է` «կադաստրի վկայական» ասվածը, կասկածի տակ է դրվում կադաստրի վկայականներից մեկը»,–ասաց նա։

Մանուկյանը ուշագրավ է համարում, որ ՍԴ որոշման մեջ մասնագետները նաև հրապարակել են առանձին դրույթներ, որը Սահմանադրական դատարանը որպես վերին դատական ատյան ներառել է որոշման մեջ այն դեպքում, որ այդ տողերը մի քանի ամիս առաջ ՀՀ քաղաքացին ընթերցել է Անկախության հռչակագրի օրվա առիթով Նիկոլ Փաշինյանի ուղերձում։

«Առնվազն երեք դրվագ կա, որտեղ այն ինչ վերլուծել էր Նիկոլ Փաշինյանը` կասկածի տակ դնելով Անկախության հռչակագիրը, հիմա հայտնվել է ՍԴ որոշման մեջ։ Սա գալիս է հերթական անգամ փաստելու` ՍԴ–ն կայացրել քաղաքական որոշում, կայացրել է ի սեր Նիկոլ Փաշինյանի, հանուն նրա, որ Փաշինյանը Ադրբեջանի առաջ ասի` սա էլ կատարեցի։ Անկախության հռչակագիրը ՀՀ ծննդյան վկայականն է և հետին թվով անհնար է կասկածի տակ դնել, չեղարկել և ուժը կորցրած համարել»,–հավելեց Մանուկյանը։

Ընդդիմադիր պատգամավորը ընդգծեց, որ նույն ՍԴ–ն նախկինում ունի որոշում, որով բացառում է Անկախության հռչակագրի չեղարկումը, և նույնիսկ համաժողովրդական հանրաքվեով հնարավոր չէ դա անել։

Նշենք, որ Սահմանազատման հարցերով հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու հարցը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում կքննարկվի հոկտեմբերի 21-ին։

Sputnik Արմենիա