Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում աշակերտները դասադուլ են անում

Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում շարունակվում է նոր տնօրենի նշանակման հետկապված կոնֆլիկտը։ Աշակերտները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով տնօրենի պաշտոնակատար նշանակել գործող փոխտնօրեն Վերոնիկա Բաբաջանյանին: Այս պահին նրանք քայլում են դպրոցի միջանցքներով՝ վանկարկելով նրա անունը։

Դժգոհությունը պայմանավորված է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Քրիստինե Դումանյանին, ում ամուսինը, դպրոցի ուսուցիչների հավաստմամբ, աշխատում է ԱԱԾ-ում:

Ավելի վաղ ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը հայտարարել էր, որ այդ գործողությունները կարող են լինել իշխանություններին հավատարիմ տնօրեն նշանակելու ծրագրի մի մասը: Նա կարծում է, որ իշխանությունները փորձում են դպրոցում ճգնաժամի տեսք ստեղծել, որպեսզի հիմնավորեն իրենց որոշումը։

Ուսուցիչներն ու աշակերտները պաշտպանում են Վերոնիկա Բաբաջանյանի թեկնածությունը, ով արդեն ներկայացրել է դպրոցի զարգացման ծրագիրը: Նրանք կարծում են, որ նա արժանի է գոնե փորձաշրջանի։ Ինչ վերաբերում է Քրիստինե Դումանյանի անձին, ապա քաղաքապետարանի ներկայացուցիչ Մարգարիտա Խաչատրյանը պաշտոնապես հերքել է քաղաքի ղեկավարության հետ ազգակցական կապեր ունենալու մասին լուրերը: Նա նաև խոստովանել է, որ հրատապ նշանակումը կապված է եղել ուսուցչի ձերբակալության շուրջ ծագած սկանդալի հետ:

Հիշեցնենք` օրերս մեծ աղմուկ բարձրացավ այս դպրոցի շուրջ։ Հոկտեմբերի 10-ին հայտնի դարձավ, որ ԱԱԾ–ն գործողություններ է իրականացրել Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում, ուսուցիչներից մեկին տեղափոխել են ՀՀ քննչական կոմիտե։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` ուսուցչի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։

Հոկտեմբերի 11-ին հայտնի դարձավ, որ ուսուցիչը կալանավորվել է։

Sputnik Արմենիա