Ավագանու նիստում ծեծկռտուք կանխվեց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երևանի ավագանու այսօրվա՝ հոկտեմբերի 15-ի նիստի ժամանակ իրավիճակը կտրուկ լարվեց, «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանի հուզական ելույթից հետո, ՔՊ խմբակցության անդամները հարձակվեցին նրա վրա:
Զարոկյանն իր խոսքում ասաց. «Կոռուպցիան քայքայում է ժողովրդավարությունն ու արդարադատությունը և ամենաշատը ազդում է ամենախոցելի խավի՝ երեխաների վրա: Մեկ տարի է՝ քաղաքապետարանում թալանի հետքեր ենք բացահայտում: Վերջերս «Հետքը» պաչզեց համակարգային կոռուպցիայի մասին՝ պարոն Ավինյանի ղեկավարած ԱՆԻՖ-ում, որտեղ աշխատանքի էին ընդունվել անվտանգության 8 աշխատակից, որից երեքն աղջիկներ էին, հիմնականում իրավապահ պաշտոնյաների հարազատներ, 540 հազար դրամ աշխատավարձ մեր փողերով: Ամենահետաքրքիրն այն է, որ ԱՆԻՖ-ի գրասենյակը գտնվում էր մի շենքում, որն արդեն ուներ օրական 24-ժամյա անվտանգություն:
Պարոն Ավինյան, գոնե այնպես աշխատանքը կազմակերպեիք, որ հավատայինք, որ օրինակ ձեր վարորդները, դուռ բացողները, զոնտիկ բռնողները… չէր որ դուք 86 հազար դոլարանոց «Մերսեդես» եք գնել վերջերս: իսկ դուք գիտե՞ք, որ Բեվերլի Հիլսում, Լոս Անջելեսում, այլ հարուստ քաղաքներում ընդհանրապես մեքենա չունեն քաղաքապետները, վարորդներ չունեն: Ժողովրդավարական երկրներում վաղուց քրեական գործ կհարուցվեր այդ անձի դեմ: Ժողովրդավար երկրներում իշող կուսակցությունը նույնիսկ չէր էլ սպասի քրեական գործին, այդ պաշտոնյային անմիջապես կհեռացներ: Իսկ մեզ մոտ տպավորություն է, որ այդ թալանած փողերը ձեր մեջ եք բաժանում»,-ասաց նա և ցուցադրեց Երևանի դպրոցների փոսերով մարզադահլիճների լուսանկարները:
«Գնացեք էդ փոսերը լցրեք, անամոթներ»,-ասաց նա, որից հետո Տիգրան Ավինյանն անջատեց նրա խոսափողը, թեև Զարոկյանը բղավելով շարունակում էր իր խոսքը:
Ավինյանն ասաց. «Պարոն Զարոկյան, ձեր չափերը ճանաչեք, ես ձեզ անում եմ նկատողություն: Դուք հնարավորություն այլևս չեք ունենալու խոսելու, ձեր ժամանակն ավարտվեց: Դատարկաբանությանը, դատարկ, փուչ խոսքերին երբեք չի կարելի արձագանքել: Երեխաների անվտանգությունից ելնելով ձեր նման անձանց դպրոցներ չենք կարող թույլ տալ մտնել»:
Այդ ընթացքում Զարոկյանը ոտքի էր կանգնել և դեռ շարունակում էր բղավել:
ՔՊ խմբակցությունից մի քանիսը ոտքի կանգնեցին և «Արի ստե, ասեմ» բղավելով փորձում էին հարձակվել Զարոկյանի վրա, սակայն մյուսները բաժանեցին:
Ընդդիմադիր խմբակցության անդամը դուրս եկավ դահլիճից՝ բղավելով. «Անասուն, ոչխար»:
Ավինյանը խնդրեց հանդարտվել, չարձաքանքել Զարոկյանին. «Պարոն Զարոկյանին թվում է՝ սա իր տունն է, մոտակայքում էլ երևի իր կինն է կանգնած ու մտածում է, որ կարող է անպատիժ դուրս գալ սրանից: Պարոն Զարոկյանին, կարծում եմ՝ օգնության կարիք կա: Վերջ, չենք արձագանքում: Երևանցիները որոշել են, որ պարոն Զարոկյանի նման մարդիկ էլ պետք է լինեն ավագանիում, ստիպված պետք է հանդուրժենք:
Այդուհանդերձ, ես մի քանի բանի կարձագանքեմ: Պարոն Զարոկյանն ասաց՝ զոնտիկ բռնող, անվտանգության աշխատակից, չգիտեմ ինչ: Ես ուզում եմ հատուկ տեղեկացնել բոլորին, որ ես չունեմ անվտանգության աշխատակից, զոնտիկ բռնող չունեմ, առհասարակ շատ հաճախ Երևանում քայլում եմ մենակ, ընկերներիս հետ, ավտոմեքենան էլ հիմնականում մենակ եմ վարում»:
News.am