«3+3» հարթակի հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 18–ին Ստամբուլում
«3+3» տարածաշրջանային հարթակի նիստը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Հաքան Ֆիդանը Անկարայում հորդանանցի գործընկերոջ հետ ասուլիսի ժամանակ։
««3+3» հարթակի նիստը նախատեսում ենք անցկացնել հոկտեմբերի 18-ին Ստամբուլում։ Մեզ կմիանան Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները», - ասել է Ֆիդանը։
Հիշեցնենք, որ «3+3» խորհրդակցական հարթակի առաջին նիստն անցկացվել է 2021 թվականի դեկտեմբերին։ Այդ ժամանակ նիստին մասնակցել էին Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների տեղակալները։ Վրաստանը հրաժարվել էր մասնակցել հանդիպմանը։ Հարթակի երկրորդ նիստը (արտգործնախարարների մակարդակով) կայացել է 2023 թվականի հոկտեմբերին Իրանի մայրաքաղաք Թեհրանում։ Վրաստանը չի մասնակցել նաև հարթակի երկրորդ նիստին։
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ից Sputnik Արմենիային հայտնել էին, որ պաշտոնական Երևանը դեռ չի կողմնորոշվել` մասնակցելու է Թուրքիայում կայանալիք առաջիկա հանդիպմանը, թե ոչ։
Sputnik Արմենիա