Ալեքսանդր ԱԶԱՐՅԱՆ․ ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԿԱՐԾԻՔ Է ՈՒՂԱՐԿԵԼ ՆԱԵՎ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի նախաձեռնությամբ, Արդարադատության նախարարության ներգրավմամբ, դեռևս 2022 թվականի նոյեմբերից հերթական ոտնձգությունն է իրականացվում դատական իշխանության անկախության սահմանափակման ուղղությամբ: ԲԴԽ կողմից կազմվել էր նախագիծ և հանրային ու մասնագիտական քննարկման քող ապահովվելու նպատակով կազմակերպվել են քննարկումներ, որոնց նպատակը դատական իշխանության կառավարման կարևոր մարմիններից մեկի` Դատավորների ընդհանուր ժողովի` Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի վերացումը կամ ձևափոխումն էր և ԲԴԽ նախագահի կողմից դատական իշխանության նկատմամբ նոր լծակներ ստանալու հնարավորությունը, այս մասին հայտարարությամբ է հանդես եկել Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը։
««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին սկզբնական նախագծով նույնիսկ առաջարկվել է դատավորների գործունեության ստուգումը վերապահել ոչ միայն դատական դեպարտամենտին, այլև արդարադատության նախարարությանը:
Այնուհետև, դատավորների և նույնիսկ իրենց կողմից հրավիրված միջազգային փորձագետի առարկությունների պայմաններում որոշակի նահանջ արձանագրեցին սկզբնական ցանկություններից և կազմեցին նախագիծ, որով ի թիվս այլոց առաջարկվում էր առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ ունեցող դատավորներին ստուգել երկու տարին մեկ, իսկ գործընթացը իրականացվելու էր մեծամասամբ ոչ դատավորներից կազմված և իրենց կողմից ձևավորված հանձնաժողովի միջոցով:
Այսինքն` ըստ էության, փորձ է կատարվել (մինչ օրս նման փորձերը շարունակվում են) մշտական վերահսկողություն սահմանել դատավորների գործունեության նկատմամբ, իսկ վերահսկողի դերում հանդես էին գալու մեծամասամբ քաղաքական իշխանության ուղղակի ազդեցության տակ գտնվող կամ նրանց ընտրությամբ առաջադրվող սուբյեկտները (ԲԴԽ, դատական դեպարտամենտ):
Թեև դատավորները դեռևս 2022 թվականի նոյեմբերից բացասական դիրքորոշումներ են հայտնել նմանատիպ փորձերի վերաբերյալ, սակայն ԲԴԽ նախագահն ու նրան ենթակա պաշտոնատար անձինք փորձել են իրականացնել նշված փոփոխությունները` ստեղծելով հանրային քննարկման պատրանք, նախագիծը մատուցելով իբրև դատական իշխանության նախաձեռնություն:
Դեռ ավելին` Կարեն Անդրեասյանը ինչպես ԲԴԽ - ի, այնպես էլ անձնական կայքերում իր ցանկությունները ներկայացրել է որպես կայացած իրողություն, և բոլոր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո նշել է, թե վերջիններիս ներկայացրել է նոր գնահատման համակարգը` ակնկալելով աջակցություն:
Նմանատիպ վարքագիծ է դրսևորել նաև արդարադատության նախարությունը՝ նշելով, թե տեղի են ունեցել դատավորների գնահատման նոր համակարգի ներկայացմանը նվիրված քննարկումներ` այսինքն, այն որպես կայացած իրողություն էին համարում: (տես` https://www.moj.am/article/4007 )
Հետագայում` նախարարությունը նախագծի փաթեթը ակամա ներկայացրել է Վենետիկի հանձնաժողովի քննարկմանը:
Վենետիկի հանձնաժողովին նախագծի վերաբերյալ բացասական կարծիք է ուղարկել նաև Դատավորների միությունը:
Երեկ` 2024 թվականի հոկտեմբերի 14-ին, հրապարկվել է Վենետիկի հանձնաժողովի ընդգրկուն ու բացասական դիրքորոշումը նախագծի գրեթե բոլոր առանցքային կետերի վերաբերյալ, որը համահասանելի է կազմակերպության կայքում (https://www.venice.coe.int/webforms/documents/default.aspx?pdffile=CDL-AD(2024)031-e)
Այսպիսով` հերթական անգամ փաստվում է, որ ԲԴԽ-ն՝ ի դեմս խորհրդի նախագահի, նոր օրենսդրական նախագծի փաթեթով փորձել է սահմանափակել դատական իշխանության անկախությունը՝ նրա կառավարման մարմիններից մեկը՝ Դատավորների գնահատման հանձնաժողովը, ներառելով իր վերահսկողության տակ։
Այնինչ` պետք է նշել, որ թեև նշված ոլորտում առկա է բարեփոխումների անհրաժեշտություն, սակայն փոփոխությունները առաջնահերթ պետք է բխեն դատական իշխանության անկախությանից որպես ելակետ, իսկ մնացածը՝ ստորադաս են դատավորների անկախությանը:
Այս հարցին, ինչպես նաև վերջին օրերին դատավորների ու դատական իշխանության անկախության դեմ Կարեն Անդրեասյանի` «կարգապահական վարույթներով» հերթական ոտնձգությունների մասին անդրադարձ կկատարվի առաջիկայում»,- ասվում է հայտարարությունում։