Իսրայելի ՌՕՈւ-ն լայնածավալ հարվածներ է հասցնում Լիբանանի հարավում գտնվող Նաբաթիա քաղաքին

Իսրայելի ռազմաօդային ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Լիբանանի հարավում գտնվող Նաբաթիա քաղաքի թաղամասերին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ականատեսներին։

«Կես ժամվա ընթացքում մոտ 15 հարված է եղել։ Անհավանական ուժգնության պայթյուններ... տներն ամբողջությամբ փլուզվում են», - հայտնել է ականատեսներից մեկը։

Նրա խոսքով՝ ռմբակոծության է ենթարկվել նաև այն շրջանը, որտեղ գտնվում է հիվանդանոցը, որը շարունակում է ընդունել վիրավորներին։

Նաբաթիան շուրջ 100 հազար բնակչություն (ներառյալ Իսրայելին սահմանակից գյուղերից եկած փախստականները) ունեցող քաղաք է։

Իսրայելը հոկտեմբերի 1-ից «Հզբոլլահի» ուժերի դեմ ցամաքային գործողություն է իրականացնում Լիբանանի հարավում և շարունակում է օդային ռմբակոծությունները հարևան երկրում, որտեղ արդեն զոհվել է ավելի քան 2.3 հազար մարդ, այդ թվում՝ շիա շարժման առաջնորդներ։ Ավելի քան մեկ մլն մարդ փախստական է դարձել: Չնայած կորուստներին, այդ թվում՝ հրամանատարական կազմում, «Հզբոլլահը» ցամաքային ակտիվ մարտեր է մղում և չի դադարեցնում Իսրայելի տարածքի հրթիռակոծումը:

Իսրայելն իր գործողության հիմնական նպատակն է համարում պայմանների ստեղծումը երկրի հյուսիսի 60 հազար տարհանված բնակիչների վերադարձի համար, որոնք լքել են իրենց տները մեկ տարի առաջ «Հզբոլլահի» կողմից ի աջակցություն ՀԱՄԱՍ-ին սկսած հրթիռակոծության պատճառով։

Sputnik Արմենիա