Վրաստանը չի մասնակցի «3+3» ձևաչափով նիստին
Վրացական կողմը չի մասնակցի Հարավային Կովկասի հարցով «3+3» հարթակի շրջանակում կայանալիք առաջիկա բանակցություններին:
«Վրաստանի դիրքորոշումը «3+3» ձևաչափին մասնակցության վերաբերյալ չի փոխվել։ Վրաստանը չի մասնակցի նշված հանդիպմանը և երբեք չի մասնակցել», - այս մասին Sputnik Արմենիա-ին հայտնեցին Վրաստանի ԱԳՆ-ից։
Նշենք, որ «3+3» ձևաչափով 3-րդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 18–ին Ստամբուլում։ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հաստատել են, որ կմասնակցեն հանդիպմանը։
Հիշեցնենք, որ «3+3» խորհրդատվական հարթակի առաջին նիստն անցկացվեց 2021 թվականի դեկտեմբերին։ Այդ ժամանակ նիստին մասնակցեցին Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների տեղակալները։ Վրաստանը հրաժարվեց մասնակցել հանդիպմանը։
Հարթակի երկրորդ նիստը (արտգործնախարարների մակարդակով) կայացավ 2023 թվականի հոկտեմբերին Իրանի մայրաքաղաք Թեհրանում։ Վրաստանը չմասնակցեց նաև երկրորդ նիստին։