Զախարովա․ Լեռնային Ղարաբաղի բնակիչների վերադարձի հնարավորություն կա
Լեռնային Ղարաբաղի բնակչության վերադարձի հնարավորություն եղել է ու հիմա էլ կա, և Մոսկվան պատրաստ է ամեն կերպ աջակցել այդ հարցում։ Այսօրվա ճեպազրույցի ժամանակ նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Դիվանագետը նշել է, որ չի ցանկանում մեկնաբանել պաշտոնական Երևանի գործողությունները և այն, ինչ արվել է նրանց կողմից. այդ հարցը պետք է ուղղել Հայաստանի իշխանություններին: Բայց միաժամանակ նշել է, որ ինքը ներկայացնում է մի երկրի արտաքին գործերի նախարարությունը, որը գիտի, թե ինչ է մարդկանց հայրենի վայրերից զրկելը։
«Վերադարձի հնարավորություն եղել է և կա։ Եթե մարդիկ շահագրգռված են իրենց տները և հարազատ վայրերը պահպանելու հարցում, ապա պետք է օգտվեն այդ հնարավորությունից... Հանգամանքների, ողբերգությունների և հակամարտությունների պատճառով Ռուսաստանն ավելի քան որևէ երկիր գիտի, թե ինչ է մարդկանց հայրենի վայրերից զրկելը: Ովքեր դիմում են մեզ, մենք միշտ աջակցում ենք նրանց, ընդունում, աշխատանքի և ուսման հնարավորություններ ենք տալիս։ Օրենսդրորեն ձևակերպում ենք ամեն ինչ։ Եվ հսկայական պատասխանատվություն ենք կրում այդ մարդկանց ճակատագրերի համար», - հավելել է նա։
Հիշեցնենք` ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։
Նրանց մեծ մասը հաստատվել է ՀՀ Կոտայքի մարզում (20331 մարդ), որին հաջորդում են Արարատի (14 743) և Արմավիրի մարզերը (10 416):
Sputnik Արմենիա