ԹՈՒՐՔԱԳԵՏ․ ԱՆԿԱՐԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ ՄՏԱՎ ՊԱՏԵՐԱԶՄՈՎ, ՀԻՄԱ ՀՀ-Ի ՀԵՏ ԱՆՑԵԼ Է ՓԱՓՈՒԿ ՈՒԺԻ ԿԻՐԱՌՄԱՆ
Վերջին պահին ՀՀ ԱԺ նախագահի հետ ծրագրված հանդիպումը չեղարկելով՝ Ադրբեջանը ցույց է տալիս իր վերաբերմունքը Հայաստանի ղեկավարության նկատմամբ, այն է՝ ցանկացած պահի ու ցանկացած ձևով կարող է անտեսել, «իգնոր» անել ՀՀ բարձրագույն պաշտոնյայի հետ հանդիպումը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման դիտարկում արեց թուրքագետ Մհեր Աբրահամյանը։
Փոխարենը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ժնևում հանդիպել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի հետ։ Աբրահամյանի խոսքով՝ ՀՀ պաշտոնյաների հետ հանդիպումներով Թուրքիան իր փափուկ ուժի քաղաքականությունն է կիրառում։
«Քանի որ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայի պատերազմով, Արևմուտքը մե՛կ այս կողմում է, մե՛կ այն կողմում՝ իբրև «խաղաղության աղավնի», Իրանը փորձում է իր սահմանները պաշտպանել ու թույլ չտալ «Զանգեզուրի միջանքը», Թուրքիայի համար ստեղծվում են շատ նպաստավոր պայմաններ տարածաշրջանում դիրքավորվելու համար։ Թուրքիան տարածաշրջան մտավ պատերազմով, հետո անցել է փափուկ ուժի»,- նշում է թուրքագետը։
Խոսելով խաղաղության պայմանագրի մասին՝ Աբրահամյանը նշում է, որ եթե նախկինում այս հարցում շտապեցնում էր Ադրբեջանը, հիմա Հայաստանն ինքն է շտապում և պատրաստ է ընդունել բոլոր այն պայմաններն ու կետերը, որոնք առաջարկում է Ադրբեջանը։ Իսկ սա ձեռնտու է առաջին հերթին Ադրբեջանին, հետո Թուրքիային, որը փորձում է նախագծում առաջ տանել կետեր, որոնք ավելի կամրապնդեն իր դիրքերը Հայաստանի հետ հարաբերություններում։
Կարո՞ղ է արդյոք «3+3»-ը դառնալ այն հարթակը, որտեղ կհամաձայնեցվեն նախագծի դեռևս չհամաձայնեցված կետերն ու կմոտեցնեն փաստաթղթի ստորագրումը․ թուրքագետի կարծիքով՝ «3+3»-ը կարող է այս ամենի նախերգանքը դառնալ։
«Թուրքիան և Ադրբեջանը կարող են միասին հանդես գալ, և ՀՀ ղեկավարությունն էլ, որն այնքան էլ հակված չէ հայանպաստ որևէ գործունեության, այնտեղ գան որոշակի համաձայնության, այնուհետև տեղի ունենա մեկ այլ հանդիպում, որտեղ այդ համաձայնությունը վերածվի թղթային տարբերակի»,- նշում է Աբրահամյանը։
Իսկ որ «3+3» ձևաչափով տարածաշրջանային հանդիպումները հարթակի կվերածվեն, Աբրահամյանը դեռ վաղ է համարում։ Ընդգծում է՝ այս պահին հերթական հանդիպումներ են՝ հասկանալու տարածաշրջանում գերիշխողի, հարցեր լուծողի կերպարը որոշելու համար։
Հիշեցնենք, որ «3+3» խորհրդատվական հարթակի առաջին նիստն անցկացվեց 2021 թվականի դեկտեմբերին։ Այդ ժամանակ նիստին մասնակցեցին Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների տեղակալները։ Վրաստանը հրաժարվեց մասնակցել հանդիպմանը։
Հարթակի երկրորդ նիստը (արտգործնախարարների մակարդակով) կայացավ 2023 թվականի հոկտեմբերին Իրանի մայրաքաղաք Թեհրանում։ Վրաստանը չմասնակցեց նաև երկրորդ նիստին։
«3+3» ձևաչափով 3-րդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 18–ին Ստամբուլում։ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հաստատել են, որ կմասնակցեն հանդիպմանը։ Վրաստանն այս անգամ ևս չի մասնակցի քննարկումներին։