ՔՊ քարտուղարը պարտվել է դատարանում. նա պետք է ներողություն խնդրի «Ժողովուրդ» օրաթերթից
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը դատարանում պարտվել է «Ժողովուրդ» օրաթերթին։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Նշվում է, որ 2023 թվականի դեկտեմբերի 7-ին ԱԺ ամբիոնից Հովհաննիսյանը հրապարակավ զրպարտել էր «Ժողովուրդ» օրաթերթին` («…դե մենք գիտենք՝ հրապարակումները Հայաստանում ոնց են ծնվում, օրինակ՝ ինչ-որ մեկը կարող ա «Ժողովուրդ» օրաթերթին փող տա, վատ հոդված պատվիրի ինչ-որ մեկի մասին, որ պախարակի էդ մարդուն, ինչը նորմալ երևույթ ա «Ժողովուրդ» օրաթերթի համար….»):
Այդ հայտարարությունից հետո օրաթերթի գլխավոր խմբագիրը հրապարակավ բացատրություն էր պահանջել պատգամավորից, բայց պատշաճ բացատրություն չստանալուց հետո դիմել է դատարան։
Դատավոր Սարգիս Երիցյանը մասամբ է բավարարել պահանջները` վճռելով, որ Արթուր Հովհաննիսյանը պարտավոր է զրպարտություն համարվող այդ հայտարարությունը հրապարակայնորեն հերքել Ազգային ժողովի ամբիոնից, անհնարինության դեպքում հերքումն իրականացնել ArmԼur.am էլեկտրոնային կայքով՝ վճռի օրինական ուժ ստանալուց հետո 5 օրվա ընթացքում:
Դատարանը վճռել է նաև Արթուր Հովհաննիսյանից հօգուտ «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ–ի բռնագանձել 300 հազար ՀՀ դրամ՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում և 29 հազար դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:
Օրաթերթը պատրաստվում է բողոքարկել դատարանի որոշումը` պահանջելով, որ Արթուր Հովհաննիսյանը ներողություն խնդրի ԱԺ ամբիոնից և փոխհատուցի հասցված նյութական վնասը, որը գնահատված է 4 մլն ՀՀ դրամ:
Sputnik Արմենիա