ՓԱՇԻՆՅԱՆԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ «ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ՉՊԵՏՔ Է ՏԱՐԱԾՎԻ «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔԻ» ՎՐԱ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Էրդողան-Փաշինյան յուրաքանչյուր հանդիպումը հայկական պետականության համար շատ թանկ արժե
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.
«2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացավ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջին հանդիպումը։ Նույն օրը Փաշինյանն Արցախը հանձնեց Ադրբեջանին։ Պարադոքսն այն է, որ ավելի քան 2 տարի անց Հայաստանում հստակ և միանշանակ քաղաքական գնահատական չի տրվել Պրահայում տեղի ունեցած իրադարձություններին։ Եվ դա այն դեպքում, երբ պոտենցիալ բանակցություններից առաջ Էրդողանը հայտարարում էր, որ «Հայաստանը պետք է ճանաչի Բաքվի ինքնիշխանությունը ԼՂՀ-ի նկատմամբ»։
Արդեն այն ժամանակ պետք է ակնհայտ դառնար, որ Էրդողան -Փաշինյան յուրաքանչյուր հանդիպում շատ թանկ կարժենա հայոց պետականության համար։ և հիմա, պաշտոնական Ստեփանակերտի դեմ «Պրահայի դավադրությունից» 2 տարի անց Փաշինյանն այցելել է ԱՄՆ-ում գտնվող «Թուրքական տուն», հանդիպել Էրդողանին և հանդիպման ժամանակ խնդրել Թուրքիայի ղեկավարին «նպաստել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին»: Հասկանալի է, որ Էրդողանն ուներ իր պայմանները, որոնց դիմաց պատրաստ կլիներ «միջնորդ դառնալ» (Ընդհանուր առմամբ դժվար է պատկերացնել, թե ինչպես Ադրբեջանի հետ Հայաստանի դեմ «Շուշիի հռչակագիրը» ստորագրած երկիրը կարող է միջնորդ լինել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում, բայց ունենք այն, ինչ ունենք․․․) ։ Իսկ ակնհայտ պայմանն այն էր՝ Թուրքիային տրամադրել հայկական Սյունիքով «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ վերահսկողությունը։
Էրդողան-Փաշինյան հանդիպումից կարճ ժամանակ անց Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն խոսել է «Զանգեզուրի միջանցքի» հարցերի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների մասին և նշել, որ Հայաստանի Հանրապետության տարածքով անցնելիք 61 կիլոմետրանոց միջանցքի բացումն ընդամենը ժամանակի հարց է: «Կան որոշակի խնդիրներ, բայց դրանք առաջիկայում կարող են լուծվել։ Ժամանակի հարց է»,- ասել էր նա: Իսկ արդեն նախօրեին Ստրասբուրգում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հանդիպել է այս թուրք նախարարին։
Պետք չէ ունենալ լուրջ «ներքին ինսայդներ», պարզապես պետք չէ տառապել «աշխարհաքաղաքական կուրությամբ»՝ հասկանալու համար, որ երկու նախարարների բանակցությունների թեման վերաբերում էր միջանցքին։ Ոչ թե «հաղորդակցությունների ապաշրջափակման», այլ հենց կոնկրետ միջանցքի թեմային:
Փաշինյանը շարունակում է արագացնել ամերիկյան ռազմավարական կուրսի իրականացումը, որը կոնցեպտուալ կարելի է բնութագրել այսպես՝ համաձայնության գալ Թուրքիայի հետ բոլոր հարցերում, առանց Վաշինգտոնի կողմից Հայաստանի անվտանգության երաշխիքների։ Հատկանշական է նաև, որ այսօր Պետդեպարտամենտը փաստացի հրաժարվել է պատասխանատվության իր մասից Երևանի և Բաքվի միջև համաձայնագրի ստորագրման թեմայով COP29-ից առաջ կամ դրա ընթացքում՝ նշելով, որ նախ՝ Վաշինգտոնը երբեք խաղաղության պայմանագիրը չի կապել COP29-ի անցկացման հետ, և երկրորդ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը կախված է կողմերից, այլ ոչ թե ԱՄՆ-ից։ Այսինքն՝ կողմերը «ինքնուրույն պետք է համաձայնության գան»։
Իսկ «ինքնուրույն պայմանավորվելը» նշանակում է կատարել և՛ Բաքվի, և՛ Անկարայի պահանջները, ինչն անում է Փաշինյանը՝ Գնել Սանոսյանին ուղարկելով «միջանցքի» ենթակառուցվածքների համար պատասխանատու թուրք նախարարի մոտ։
Ակնհայտ է նաև, որ հոկտեմբերի 18-ին տարածաշրջանային «3+3»-ի առաջիկա հանդիպմանը Անկարան, Բաքուն և Փաշինյանը կփորձեն օրինականացնել իրենց պայմանավորվածությունը և համոզել Թեհրանին և Մոսկվային, որ Հայաստանի ինքնիշխանության սահմանափակումը հօգուտ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի չի սպառնում և՛ Ռուսաստանի, և՛ Իրանի շահերին։
Չզարմանաք, եթե «հաջողության» դեպքում «զինվորների հետ պարերի սիրահար» Փաշինյանը հոկտեմբերի 18-ին հայտարարի, որ «Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող միջանցքը՝ Հայաստանի ինքնիշխանության սահմանափակմամբ, ամենամեծ հաղթանակն է Երրորդ Հանրապետության պատմության մեջ»։ Նա դա կանի, քանի որ, ևս մեկ անգամ կրկնենք, միայն թյուրքական աշխարհում ինտերնված Հայաստանում ներկայիս իշխանությունն ապագա ունի։
Մտածե՛ք այդ մասին…»։