Գեղամ ՄԱՆՈՒԿՅԱՆ․ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳՐԻ ԽԵՂԱԹՅՈՒՐՄԱՆ և ԴԵՐԻ ՆՍԵՄԱՑՄԱՆ ՓՈՐՁԵՐԸ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԵՆ

Հայաստանի անկախության համար այդքան հիմնարար փաստաթղթի՝ Անկախության հռչակագրի խեղաթյուրման և դերի նսեմացման փորձերը անթույլատրելի են։ Այս մասին հայ-ադրբեջանական սահմանազատման և սահմանագծման պետական հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգի, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովի «Հայաստանի անկախության հռչակագրի անժամկետ ակտուալության մասին» հայտարարության նախագծի վերաբերյալ հոկտեմբերի 17-ի խորհրդարանական լսումներում ասել է «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Հայտարարության նախագծի հեղինակները, մասնավորապես, դատապարտում են Հռչակագրի և ՀՀ Սահմանադրության արհեստական հակադրման փորձերը։ «Որոշման նախագիծը Հռչակագրում դրված համազգային արժեքները և գաղափարները համարում է երկրի անվտանգության հիմքը, և ցանկացած ոտնձգություն այդ արժեքների դեմ առանձնակի ծանր հանցագործություն է Հայաստանի դեմ»,- նշել է Մանուկյանը՝ ընթերցելով հայտարարության նախագծի տեքստը։

Փաստաթղթի հիմնավորման մեջ նաև ասվում է, որ դրա անհրաժեշտությունը բխում է անվտանգության նկատառումներից, ինչպես նաև հայկական պետականության ամրապնդումից։

News.am