ԴԱ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՈՒՄ Է. ՕՐԲԵԼՅԱՆԸ` ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանի վերջերս կայացրած որոշումը, որ ՀՀ անկախության մասին հռչակագիրը Սահմանադրության մաս չէ և իրավական ուժ չունի, պետական հեղաշրջում է։ ՀՀ Ազգային ժողովում այս հայտարարությունն արեց իրավաբան Արամ Օրբելյանը, որը մասնակցում է «Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» հայտարարության նախագծի լսումներին։

ՀՀ Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 26-ին որոշեց, որ ՀՀ անկախության հռչակագրում հաստատագրված համազգային այն նպատակները, որոնք Սահմանադրության բուն տեքստում տեղ չեն գտել, չունեն իրավական ուժ։ Այս հանգամանքը լայն քննարկումների առիթ է դարձել, մի շարք փորձագետներ և ընդդիմադիրներ կարծում են, որ այդ հատվածը ՍԴ որոշման մեջ ներառվել է ի շահ Ադրբեջանի։

«Սահմանադրական դատարանն իրավունք ունե՞ր նման որոշում կայացնելու, և այդ որոշումն իրավաչա՞փ էր, իմ պատասխանն է` ոչ։ «ՀՀ սահմանադրական մարմինը» իրականացնում է մի գործընթաց, որի իրավունքը չունի, և դա կոչվում է պետական հեղաշրջում։ Դա քրեորեն պատժելի արարք է ՀՀ քրեական օրենսգրքի առնվազն 5-6 հոդվածով, հնարավոր է` նաև մեկ տասնյակ, որը պետք է արժանանա համապատասխան գնահատականի»,– ասաց Օրբելյանը։

Նա ընդգծեց` սահմանադրական կարգը պետք է վերականգնվի, ոչ թե ասվի, որ այն չի տապալվել։

Օրբելյանը նշեց` դեռևս 2018 թվականի աշնանից պարբերաբար պետական հեղաշրջումներ իրականացնելու փորձ է արվում, սկզբում` ԱԺ–ի, հետո` դատարանների, 2020 թվականի փոփոխություններով էլ` սահմանադրական դատարանի գրավում։ Այժմ էլ սահմանադրական հիմքերը խարխլելու փորձ է արվում, այսինքն` Անկախության հռչակագիրը, հետո էլ փորձելու են վերացնել հենց Սահմանադրությունը, ապա որոշելու են, որ վարչապետին անհրաժեշտ է արտակարգ լիազորություններ տալ։

Sputnik Արմենիա