Թուրքիան կաջակցի հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրին

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ստամբուլում կայանալիք «3+3» տարածաշրջանային հարթակի հանդիպմանը կընդգծի Անկարայի աջակցությունը Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման գործընթացին։ ՌԻԱ Նովոստիին այս մասին ասել է Թուրքիայի դիվանագիտական աղբյուրը:

«Ակնկալվում է, որ նախարար Ֆիդանն իր ելույթում կհայտարարի, որ Անկարայի ջանքերն ուղղված են Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանը։ Ըստ ամենայնի, շեշտը կդրվի այն փաստի վրա, որ տարածաշրջանային պատասխանատվությունը խնդիրների լուծման ամենաարդյունավետ մեթոդն է: Նախարարը կընդգծի, որ Թուրքիան աջակցում է գործընթացին, որին զուգահեռ ընթանում է նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը», - ասել Է գործակալության զրուցակիցը։

Դիվանագիտական աղբյուրի խոսքով՝ հանդիպման մասնակիցները կընդունեն համատեղ հայտարարություն՝ ընդգծելով հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:

«Հանդիպման ավարտին մասնակից երկրները նախատեսում են համատեղ հայտարարության ընդունում։ Հայտարարության տեքստում կընդգծվի տարածաշրջանի երկրների միջև խնդիրները երկխոսության միջոցով լուծելու անհրաժեշտությունը՝ ելնելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված սկզբունքներից», - հայտնել Է գործակալության զրուցակիցը։

Նրա խոսքով` հայտարարության տեքստում նախատեսվում է նաև շեշտը դնել տարածաշրջանային տնտեսական համագործակցության, վստահության ամրապնդման և բարեկեցության բարձրացման անհրաժեշտության վրա:

Հիշեցնենք, որ «3+3» խորհրդատվական հարթակի առաջին նիստն անցկացվեց 2021 թվականի դեկտեմբերին։ Այդ ժամանակ նիստին մասնակցեցին Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների տեղակալները։ Վրաստանը հրաժարվեց մասնակցել հանդիպմանը։

Հարթակի երկրորդ նիստը (արտգործնախարարների մակարդակով) կայացավ 2023 թվականի հոկտեմբերին Իրանի մայրաքաղաք Թեհրանում։ Վրաստանը չմասնակցեց նաև երկրորդ նիստին։

«3+3» ձևաչափով 3-րդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 18–ին Ստամբուլում։ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հաստատել են, որ կմասնակցեն հանդիպմանը։ Վրաստանն այս անգամ ևս չի մասնակցի քննարկումներին։

Sputnik Արմենիա