Աշխատանքներ են տարվում ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկարաձգելու հիմնավորում նախապատրաստելու ուղղությամբ
Աշխատանքներ են տարվում հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչև 2041 թվականը երկարացնելու հիմնավորում նախապատրաստելու ուղղությամբ։ Այս մասին հոկտեմբերի 17-ին «Ռոսատոմի առաջարկը Հայաստանում ատոմակայանի կառուցման և նախագծում տեղական արդյունաբերության ներգրավումը» թեմայով սեմինարի ժամանակ ասաց «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ տնօրեն Մովսես Վարդանյանը։
Նա հավելեց, որ ընթացիկ ծրագրերի իրականացումից հետո ատոմակայանի շահագործման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 2036 թվականը:
Վարդանյանը պարզաբանեց, որ նոր ատոմակայանի կառուցման ռուսական առաջարկը ներառում է 11 հատոր՝ տեխնիկատնտեսական հիմնավորումով։
Նրա խոսքով, հաշվի առնելով նոր ատոմակայանի տեղամասի ընդունված գլխավոր հատակագիծը, հնարավոր կլինի կառուցել 1200 ՄՎտ հզորությամբ 2 նոր սերնդի բլոկ։
Ընկերության տնօրենը հավելեց, որ առաջին բլոկի կառուցումն ավելի թանկ կարժենա, քան երկրորդը։ «Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ կլինի ներգրավել Հայաստանում արտադրվող շինանյութի գրեթե ողջ ծավալը»,- եզրափակեց Վարդանյանը։
News.am