Սերգեյ ԿՈՊԻՐԿԻՆ․ ԵԱՏՄ-ԻՆ ԵՎ ԲՐԻԿՍ-ԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԻ ԵՆԹԱԴՐՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը շուրջ 40 անգամ գերազանցում է ՀՀ և ԱՄՆ հարաբերություններում գրանցված նույն ցուցանիշը։ Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ զրույցը նման համեմատությամբ սկսեց Sputnik Արմենիա ռադիոկայանի փոդքասթի հեղինակ, քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը։ Կոպիրկինն էլ հավելեց, որ առաջնահերթությունների սանդղակը, որն արտացոլում է հայ–ռուսական կապերի խորությունն ու բազմակողմանիությունը, ռուսական ներդրումների ծավալն է, որը հասել է Հայաստանի համար ռեկորդային` 4 մլրդ դոլարի:

 

«Առավելությունը գալիս է ընդհանուր ինտեգրացիոն գործընթացներին մեր երկրների մասնակցությունից։ Խոսքն առաջին հերթին ԵԱՏՄ-ի մասին է, որտեղ Հայաստանն այժմ նախագահում է», - նշում է Կոպիրկինը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանում հայկական ապրանքները շատ լավ են ընդունվում։ Ռուսաստանյան ցանկացած սուպերմարկետում առաջարկվում են հայկական մրգեր, կաթնամթերք, հանքային ջուր.. Սա արդեն սովորական է ռուս սպառողների համար և հոգեբանորեն կարևոր է հայ արտահանողների համար, քանի որ նման նվաճման՝ նոր շուկաներ դուրս գալուն, օտարերկրյա մատակարարները հասնում են տասնամյակների ընթացքում։

Ռուսաստանի դեսպանը նշում է, որ ԵԱՏՄ-ն ընդհանուր շուկա է, որտեղ տեղի են ունենում ստանդարտների (սանիտարական, բուսասանիտարական, տեխնիկական) դինամիկ ներդաշնակեցում և առևտրային խոչընդոտների հետևողական վերացում: Սա շատ հզոր խթան է Եվրասիական միության երկրների միջև հարաբերությունների զարգացման և արտաքին աշխարհի հետ նրանց փոխգործակցության համար։ Նա հիշեցնում է, որ Երևանում կազմակերպության միջկառավարական խորհրդի վերջին նիստին մասնակցել են ոչ միայն ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները, այլև Իրանի առաջին փոխնախագահը, Ուզբեկստանի վարչապետը, Կուբայի ներկայացուցիչները: Ռուսաստանը ելնում է նրանից, որ միանգամայն տրամաբանական է ԵԱՏՄ-ի և ԲՐԻԿՍ-ի միջև փոխգործակցության խորացումը։

«Անհրաժեշտ է ցանցային կապեր ստեղծել պետությունների, աշխարհաքաղաքական կենտրոնների, տարածաշրջանային և ենթատարածաշրջանային միավորումների միջև։ Դա մեծ եվրասիական տարածքի մեր հայեցակարգի բաղկացուցիչ մասն է», - ասում է Կոպիրկինը։

Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ գագաթնաժողովում ռազմավարական բնույթի փաստաթուղթ կստորագրվի Իրանի հետ, որին անմիջապես սահմանակից է ԵԱՏՄ-ին անդամակցող Հայաստանը: Ընդ որում, արդեն 34 երկրներ հետաքրքրություն են հայտնել ԲՐԻԿՍ-ի հետ հիմնավոր կապեր հաստատելու հարցում։

«ԵԱՏՄ-ն Իրանի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր է ստորագրել։ Դա ենթադրում է բոլոր արգելքների առաջանցիկ վերացում, և Հայաստանն այստեղ առանցքային դեր է խաղում ոչ միայն աշխարհագրական դիրքի, այլև ձեռք բերված ամուր առևտրատնտեսական կապերի շնորհիվ։ Իրանի հետ Ռուսաստանի ցանկացած շփում ձեռնտու է Հայաստանին», - ասում է Կոպիրկինը։

Անդամակցությունը ԵԱՏՄ-ին և ԲՐԻԿՍ-ին, որտեղ կենտրոնացած է օգտակար հանածոների համաշխարհային պաշարների 72 %-ը, չի ենթադրում քաղաքական պարտավորություններ։ Այն արժեքավոր է նրանով, որ հիմնված է ոչ թե ինչ որ մեկին շահագործելու, այլ փոխշահավետ և հարգալից փոխգործակցության վրա։ Դեսպանը կարծում է, որ Հայաստանին ու Ռուսաստանին առաջին հերթին մերձեցնում են ամուր հոգևոր-հուզական և մտավոր կապերը։

Sputnik Արմենիա