ՀԵԾԱՆՎՈՐԴԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՃԱՆԱՉԵԼ ԱՇԽԱՐՀԸ

Հեծանվային զբոսանքներն ապարդյուն չանցան. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է ճանաչել աշխարհը: Եվ դա հիանալի՛ է:

Կառավարության վերջին նիստում նա հարց տվեց. «Էդ ո՞վ ա թողնելու Բրյուսելում իրա կյանքը, հանդարտ՝ մեր չափանիշներով, գալու, գնա ապրի, ասենք, ենթադրենք, Մովսես գյուղում՝ կրակոցների տակ»։

Ո՜նց ասաց, է, կեցցե՛։ Ի՜նչ հիասքանչ հարց ուղղեց վարչապետը կառավարության անդամներին, որոնք ի պատասխան բազմանշանակ լռեցին։ Քանզի գիտեն, որ երբ վարչապետի խոսամոլությունը բռնում է, պետք է լռել ու ձևացնել, թե ուշադիր լսում ու եզրահանգումներ են անում։ Ոմանց մոտ լավ է ստացվում, ոմանց մոտ՝ ոչ այնքան։

Իրականում հարցը արդիական է։ Միայն թե այդ հարցից եզրահանգումներ պետք է անի առաջին հերթին հենց ինքը՝ աշխարհ ճանաչող վարչապետը։ Իսկ հիմնական եզրահանգումն ակնհայտ է. կառավարության հիմնական խնդիրը իր քաղաքացիների անվտանգությունն ապահովելն է։ Ամենագլխավոր խնդիրը, որի լուծման համար էլ մարդիկ ըստ էության սկսել են միավորվել նախ ցեղային միություններում, իսկ հետո ստեղծել պետություններ։ Եվ իր հենց այդ գլխավոր խնդիրն է Փաշինյանի թիմը շռնդալից ձախողել։

Քանի՞ հազար մարդու մահ կա Փաշինյանի թիմի խղճին։ Քանի՞ տասնյակ հազար անօթևաններ։ Եվ այդպես շարունակ, և այդպես անվերջ, չենք խոսում արդեն երկրում հանցավորության մակարդակի աճի, տարիներ շարունակ կառուցված անվտանգության համակարգի ոչնչացման, թմրամոլության աճի և այլ «մանրուքների» մասին։

Բայց դրա համար էլ ասում ենք. պետք է հեռանա՛ս, Փաշինյան։ Եվ հանձնես իշխանությունն ընդդիմախոսներիդ, ինչպես դա արեց Սերժ Սարգսյանը 2018-ին։ Նույն սցենարով, չխաղալով ժողովրդավարություն, «ժողովրդի մանդատ» և այլ անհեթեթություններ։ Այո, նախկինների խղճին էլ շատ մեղքեր կան, ճիշտը խոսենք, բայց դրանք բացարձակապես անհամեմատելի են այն ամենի հետ, ինչ արել և շարունակում ես անել դու: Հայաստանի հանդեպ քո իբր մեծ սիրով, քո իբր հայրենասիրությամբ, քո իբր «դուխով» և մնացյալ ամենով, ինչով առ այսօր թլսորում ես դյուրահավատ քաղաքացու գլուխը։

Իսկ բացի այդ, շարունակելով աշխարհը ճանաչելու գործընթացը՝ վարչապետը հայտարարեց, թե երկրի բնակչության զգալի մասն իր գլխավոր խնդիրը տեսնում է նրանում, թե ոնց անի, որ իր որդին բանակում չծառայի։ Դա, շարունակում էր բացել կառավարության անդամների աչքերը Փաշինյանը, ազդում է նաև ժողովրդագրական ընդհանուր պատկերի վրա, քանի որ մարդիկ հայրենիքի հանդեպ իրենց ժողովրդագրական պարտքը կատարելուց առաջ մտածում են. մի բան է բանակից ազատել մեկ որդու, այլ բան՝ չորսի։

Այսպես խոսեց կառավարության նիստում վարչապետը, որը չի ծառայել բանակում, որովհետև ծառայել են իր եղբայրները։ Այդպես խոսեց կառավարության ղեկավարն իր կառավարման շրջանում մարդկանց տրամադրությունների մասին։

Բայց եթե ցանկանար հասկանալ այդ տրամադրությունների պատճառները, ապա կարող էր պարզապես խնդրել, որ ձեռք բարձրացնեն կառավարությյան այն անդամները, ովքեր ծառայել են հայկական բանակում։ Իսկ հետո հաշվեր նրանց իր մի ձեռքի մատների վրա:

Այնուհետ նույն կոչով կարող էր դիմել իր խմբակցության պատգամավորներին։ Եվ կստանար մոտավորապես նույն արդյունքը: Արդյունք, որը շատ բան է ասում խոսամոլների այն քաղաքական թիմի մասին, որի ձեռքին է այսօր Հայաստանի ղեկը։