Կարող եք ամեն ինչ կորցնել․ Եվրամիության դեսպանը սպառնում Է Վրաստանին

Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին Թբիլիսիին զգուշացրել է հնարավոր ծանր հետևանքների մասին, եթե երկիրը չփոխի իր քաղաքական գիծը: Նրա խոսքը մեջբերում են տեղական լրատվամիջոցները։

Դիվանագետը մասնավորապես հայտարարել է, որ Եվրամիությունը կարող է դադարեցնել ֆինանսական օգնության տրամադրումը, ինչպես նաև Վրաստանի ինտեգրումը եվրոպական միությանը, եթե իշխանությունները քայլեր չձեռնարկեն ԵՄ-ի հետ մերձեցման ուղղությամբ:

«Եթե Վրաստանը որոշի դառնալ միակուսակցական պետություն, արգելել ընդդիմադիր կուսակցություններին, վտարել քաղաքացիական կազմակերպություններին և ճնշել անկախ ԶԼՄ- ներին, եթե մարդու իրավունքները չպահպանվեն, ապա բացեիբաց հայտարարում եմ, որ Վրաստանը Եվրամիության անդամ չի դառնա ո՛չ այսօր, ո՛չ վաղը, ո՛չ էլ 2030 թվականին», - ընդգծել է Գերչինսկին:

Հիշեցնենք` ԵՄ–ի ու ԱՄՆ-ի հետ հարաբերությունները վատթարացան, երբ Վրաստանը «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենք ընդունեց։

Ըստ այդ օրենքի` ոչ կառավարական կազմակերպություններն ու ԶԼՄ–ները պարտավոր են գրանցվել օտարերկրյա ուժերի շահերն իրականացնող կազմակերպությունների ռեեստրում և հայտարարագիր լրացնել, եթե նրանց տարեկան եկամտի ավելի քան 20 տոկոսը կազմում է արտասահմանյան ֆինանսավորումը։

Sputnik Արմենիա