Բաքուն արձագանքել է ՀՀ նախագահի հայտարարությանը և կոչ արել չչարաշահել COP29-ը «իր շահերի համար»
Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարար և COP29-ի գործադիր տնօրեն Էլնուր Սոլթանովը կոչ է արել Երևանին չչարաշահել Բաքվում կայանալիք Կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի համաժողովը (COP29) «իր շահերի համար», հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Սոլթանովն այսպես է մեկնաբանել Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանի հայտարարությունը COP29-ից առաջ խաղաղ համաձայնագիր ստորագրելու ցանկության մասին։
Նա հայտարարել է, որ Ադրբեջանում COP29-ի անցկացման որոշումը կայացվել է Երևանի և Բաքվի փոխադարձ աջակցությամբ։ «Ցանկալի է, որ այդ թափն արագանա, և մեր երկրների միջև կայուն խաղաղություն կնքվի։ Բայց դա պետք է լինի երկու երկրների կամքով, փոխադարձ համաձայնությամբ, փոխզիջումով»,- ասել է փոխնախարարը։
Սոլթանովը հիշեցրել է, որ Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է մասնակցելու նոյեմբերի 11-12-ը Բաքվում կայանալիք կլիմայական համաժողովին։ «Մենք պատրաստ ենք բոլոր մակարդակներով ընդունել հյուրերին»,- հավելել է նա։
Նոյեմբերի 11-22-ը Բաքվում կանցկացվի COP29 համաժողովը։ 2023 թվականի դեկտեմբերին Հայաստանը աջակցություն է հայտնել COP29 համաժողովը հյուրընկալելու Ադրբեջանի հայտին։
Հունիսի սկզբին Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ասել էր, որ Հայաստանի կառավարության ղեկավարի աշխատանքային ծրագրում նախատեսված չէ այց Բաքու կլիմայի գագաթնաժողովին։
Հուլիսի 21-ին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր Բաքվում կայանալիք Կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի COP29 համաժողովին Հայաստանին հրավիրելու մասին։ Օգոստոսի 19-ին Բաքվում պահվող հայ գերիների և անհայտ կորած զինվորականների հարազատները բողոքի ցույց էին անցկացրել ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մոտ՝ պահանջելով չեղարկել նոյեմբերին Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի COP29 կլիմայի փոփոխության համաժողովը կամ անհապաղ ազատ արձակել հայ բանտարկյալներին։
Armenia Today