Ադրբեջանը Ֆրանսիայից պահանջել է դադարեցնել «ապակառուցողական գործողությունները տարածաշրջանում»

Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդիմանալից հայտարարություն է արել՝ ի պատասխան Ֆրանսիայի Եվրոպայի և արտգործնախարար Ժան Նոել Բարոյի՝ France Inter-ին տված հարցազրույցում արած հայտարարությանը, թե «Ադրբեջանը խախտում է միջազգային իրավունքը Հայաստանի վերաբերյալ»։

«Այս խոսքերը վկայում են Ադրբեջանի նկատմամբ այս երկրի հերթական անհիմն և կողմնակալ վերաբերմունքի, միջազգային իրավունքի նկատմամբ մակերեսային մոտեցման մասին»,-հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆմամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։

Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ «Ադրբեջանն իր բոլոր քայլերում ապավինում է միջազգային իրավունքին և արդարությանը»։ Պաշտոնյան կրկնել է Հայաստանի հասցեին հնչեցված մեղադրանքների սովորական շարքը՝ երկարաշունչ ճառը եզրափակելով «մեր տարածաշրջանում Ֆրանսիայի ապակառուցողական գործունեությանը դադարեցնելու» պահանջով, շեշտելով, թե Փարիզի արտաքին քաղաքականությունը աշխարհի շատ մասերի նկատմամբ ձախողվել է։

News.am