Տարածաշրջանային անվտանգության հարցերն են քննարկել Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ստամբուլում` «3+3» խորհրդակցական հարթակի նախարարական հանդիպման շրջանակում, այսօր երկկողմ հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության հետագա զարգացմանն ուղղված օրակարգային հարցեր:

Նախարարները նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ:

«Հարավային Կովկասում կայունության ապահովման տեսլականի շրջանակներում անդրադարձ է կատարվել Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի կնքման կարևորությանը»,– ասված է հաղորդագրության մեջ։

Հանդիպմանը վերահաստատվել է տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման հարցում սկզբունքային մոտեցումը՝ հիմնված ինքնիշխանության և իրավազորության հարգման վրա։

Նշենք, որ «3+3» ձևաչափով 3-րդ նիստը կազմակերպվել է Ստամբուլում։ Վրաստանն այս անգամ ևս չի մասնակցում քննարկումներին։

Sputnik Արմենիա