Սերգեյ ԿՈՊԻՐԿԻՆ․ ԲՐԻԿՍ-ՈՒՄ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՉԷ «ՁԵՌՔԵՐԸ ՈԼՈՐԵԼ»

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնարավորություն կունենան շփվելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակում: Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Նրա խոսքով՝ Փաշինյանի կողմից Պուտինի անձնական հրավերի ընդունումը՝ մասնակցելու Կազանում կայանալիք գագաթնաժողովի շրջանակում «ԲՐԻԿՍ+» ձևաչափի միջոցառումներին, ինքնին Ռուսաստանի և Հայաստանի միջև բարձր մակարդակով սերտ շփումների արտացոլում է։

«Կարծում եմ, որ մեր առաջնորդները շփման հնարավորություն կունենան, բայց թե ինչ ձևաչափով և ինչ օրակարգով, դա արդեն կախված կլինի տվյալ միջազգային համաժողովի ծրագրից, որը բավական հագեցած կլինի», – նշել է Կոպիրկինը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ռուս-հայկական շփումներ ծրագրվում են Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ գագաթնաժողովի շրջանակում:

Նա նաև անդրադարձել է այն հարցին, թե ինչ առավելություններ կարող է տալ Հայաստանին միավորման շրջանակում փոխգործակցությունը։

«Իմ պատասխանը կսկսեմ ԲՐԻԿՍ–ի շրջանակում փոխգործակցության հիմնարար սկզբունքների թվարկմամբ՝ իրավահավասարություն, փոխադարձ հարգանք, անկեղծություն, պրագմատիզմ և համերաշխություն։ Սա ինքնիշխան պետությունների ակումբ է, որի շրջանակում ընդունված չէ անհեթեթ կամ ոչ իրատեսական որոշումներ պարտադրել, «ձեռքերը ոլորել» մի խումբ առաջնորդների շահերը սպասարկելու համար։ Ըստ էության, չկան նաև առաջնորդներ, քանի որ միավորման գործունեության բոլոր հարցերը լուծվում են փոխադարձ հարգալից կառուցողական երկխոսության ընթացքում, որը հաշվի է առնում ներգրավված բոլոր խաղացողների շահերն ու մտահոգությունները», - ասել է դեսպանը։

Նա հավելել է՝ ԲՐԻԿՍ-ը դասական միջազգային կազմակերպություն չէ, որին միանալու համար, որպես կանոն, պետք է իրավական պարտավորություններ ստանձնել կամ ճշգրտել ազգային օրենսդրությունը։

ՌԴ-ն կարող է աջակցել Հայաստանին, եթե նա որոշի երկխոսություն հաստատել ԲՐԻԿՍ-ի հետ

Ռուսական կողմը կարող է աջակցել Հայաստանին, եթե Երևանում հասունանա ԲՐԻԿՍ–ի հետ երկխոսություն հաստատելու որոշումը, - հայտարարել է Սերգեյ Կոպիրկինը:

«Ռուսաստանը՝ որպես ԲՐԻԿՍ–ի նախագահ, 2024 թվականին հայ գործընկերների հետ շփումների ընթացքում, ինչպես նաև Հայաստանի տեղեկատվական տիրույթում արդիական տեղեկություններ է տարածում միավորման գործունեության և մեր նախագահության առաջնահերթությունների մասին։ Եթե Երևանում հասունանա ԲՐԻԿՍ–ի հետ երկխոսություն հաստատելու որոշումը, ապա մեր հայ բարեկամները կարող են այդ հարցում ապավինել Ռուսաստանի աջակցությանը», - նշել է Կոպիրկինը։

Միաժամանակ նա հիշեցրել է, որ սեպտեմբերի 18-ին Երևանում կայացած համահայկական համաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Հայաստանը մտադիր չէ ինտեգրվել ԲՐԻԿՍ-ին:

«Ելնում ենք նրանից, որ պաշտոնական Երևանի դիրքորոշումն այդ հարցում կձևավորվի նաև Կազան կատարած այցի արդյունքում։ Ակնհայտ է, որ Հայաստանը, ինչպես ցանկացած ինքնիշխան պետություն, պետք է հստակ հասկանա` արդյոք իր շահերը համապատասխանում են այս կամ այն բազմակողմ կառույցին», - հավելել է դեսպանը։

Նա ուշադրություն է հրավիրել հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովի հնչեցրած այն հայտարարության վրա, որ Կազանի գագաթնաժողովում նախատեսվում է ներդնել ԲՐԻԿՍ–ի «գործընկեր պետություն» նոր կատեգորիա, ինչը առանցքային որոշումներ կայացնելիս ձայնի իրավունք չի տա, բայց ժամանակի ընթացքում թույլ կտա դառնալ միավորման լիիրավ մասնակից:

ԲՐԻԿՍ-ին միանալը դրական կանդրադառնա Երևանի ու Բաքվի հարաբերությունների վրա

Ապագայում Երևանի և Բաքվի հնարավոր միացումը ԲՐԻԿՍ-ին կարող է դրական ազդեցություն ունենալ երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա, ասել է Հայաստանում ՌԴ դեսպանը՝ պատասխանելով այն հարցին, թե հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցերի քննարկում նախատեսվում է արդյոք ԲՐԻԿՍ գագաթնաժողովի շրջանակում:

«Ես նման տեղեկություն չունեմ։ Կարող եմ միայն ավելացնել, որ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի հնարավոր միացումը ԲՐԻԿՍ-ի աշխատանքներին օբյեկտիվորեն կընդարձակի միջպետական երկխոսության դաշտը, ինչը դրականորեն կանդրադառնա հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա»,- հայտարարել է դեսպանը։

Sputnik Արմենիա-ի նյութերով