Freedom House․ Հայաստանն ինտերնետի ազատության ինդեքսով մտնում է ազատ երկրների մեջ

Ինտերնետի ազատության մակարդակը շարունակում է հետևողականորեն իջնել վերջին 14 տարիներին, նշվել է Freedom House կազմակերպության «Ազատությունը համացանցում 2024. Պայքար ինտերնետում վստահության համար» ամենամյա զեկույցում։

Հիմնական պատճառների շարքում, որոնք ազդում են համացանցում ազատության մակարդակի վրա, Freedom House-ը նշում է միջամտությունն ընտրություններին և բռնաճնշումների աճը ինտերնետում կարծիքների ազատ արտահայտման համար։

Հայաստանը 100-ից հավաքել է 74 միավոր ինտերնետի ազատության ինդեքսում և մտնում է ազատ երկրների մեջ։ Հաշվետվությունն ընդգրկում է 2023թ. հունիս- 2024թ. մայիս շրջանը։ Նշվել է, որ Հայաստանի օնլայն-միջավայրը մնում է բաց, քանի որ կառավարությունը չի արգելակում վեբ-կայքերը և սոցիալական ցանցերը։ Բայց կառավարությունը ձերբակալում է մարդկանց կառավարության քննադատության համար օնլայն-պլատֆորմներում, և առանձին անձինք երկրում հաճախ ենթարկվում են լրտեսական ծրագրերի գրոհներին։ Ի տարբերություն լուսաբանման նախորդ շրջանների՝ հաշվետու շրջանում չի գրանցվել վեբ-կայքերի կամ սոցցանցերի արգելում։ 2024թ. մարտին կառավարության քննադատությամբ հանդես եկող պոդկաստի վարողներ Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սիմոնյանը ձերբակալվել են խուլիգանության մեղադրանքով և դատապարտվել երկու ամսվա նախնական բանտարկության այն դրվագի հրապարակումից հետո, որը վիրավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նշվել է, որ 2023թ. դեկտեմբերին կառավարությունն իրականացրել է Ապատեղեկատվության դեմ պայքարի հայեցակարգն ու գործողությունների պլանը 2024-2026թթ. համար, որոնք ուղղված են կառավարության և մասնավոր հատվածի պոտենցիալի ամրապնդմանը այս ոլորտում և մեդիա-գրագիտության հետագա առաջմղմանը։ Ընդգծվել է նաև, որ 2024թ. հունվարին Anonymous Russia հաքերային խումբը գրոհներ է կատարել մի քանի կայքերի դեմ, այդ թվում Հայաստանի կառավարության, բանկերի և կապի օպերատորների։ Կազմակերպությունը նշում է, որ Հայաստանը զգալի անցումային փուլ է ունեցել զանգվածային հակակառավարական բողոքներից և 2018թ. ընտրություններից հետո, որոնք դուրս են մղել արմատացած քաղաքական էլիտային։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը խոստացել է լուծել վաղեմի խնդիրները, ներառյալ համակարգային կոռուպցիան, ոչ թափանցիկ քաղաքականությունը, անկատար ընտրական համակարգն ու օրենքի թույլ գերակայությունը։ «Երկիրը լրջորեն տուժել է Ադրբեջանի ռազմական ճնշումից։ 2023թ. սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի, որը դե-ֆակտո օգտվում էր Ադրբեջանից անկախությունից 1994 թվականից, գրեթե ամբողջ հայ բնակչությունը բռնի տեղահանվեց Հայաստան այն բանից հետո, երբ ադրբեջանցի զինվորականները ջախջախեցին տեղի պաշտպանության ուժերը և իրենց լրիվ վերահսկողության տակ վերցրին տարածքը»,- նշված է զեկույցում։

Ավելացնենք, որ Հայաստանի հարևանների շրջանում Ադրբեջանը ոչ ազատ երկրների շարքում է 34 միավորով։ Վրաստանը ևս մտնում է ազատ երկրների շարքում 74 միավորով, իսկ Իրանը և Թուրքիան մտնում են ոչ ազատ երկրների շարք՝ 12 և 31 միավորներով համապատասխանաբար։

News.am