Արաղչի․ Իրանը և Թուրքիան կարող են առաջատար դեր խաղալ Հարավային Կովկասում անվտանգության ապահովման համար
Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտնել է, որ Իրանը և Թուրքիան կարող են վճռական դեր խաղալ տարածաշրջանում խաղաղության, ինչպես նաև միջազգային անվտանգության ապահովման համար, տեղեկացրել է Mehr-ը։
Շաբաթ օրը Ստամբուլում թուրք գործընկերոջ՝ Հաքան Ֆիդանի հետ համատեղ ասուլիսում ելույթ ունենալով, Իրանի բարձրաստիճան դիվանագետը հայտնել է, որ «3+3» գագաթաժողովի շրջանակում կարևոր բանակցություններ են վարվել Հարավային Կովկասի վերաբերյալ։ «Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի և իմ միջև տեղի են ունեցել կառուցողական երկկողմ բանակցություններ։ Իրանի Իսլամական Հանրապետությունը և Թուրքիայի Հանրապետությունը երկու կարևոր երկրներ են տարածաշրջանում և իսլամական աշխարհում, որոնք բազմադարյա բարեկամական և եղբայրական հարաբերություններ ունեն»,- նշել է Արաղչին։
Իրանը և Թուրքիան, ամրապնդելով համագործակցությունը, կարող են կարևոր դեր խաղալ տարածաշրջանում խաղաղության և զարգացման ապահովան համար, ինչպես նաև կարող են անվտանգություն ապահովել միջազգային ասպարեզում, ընդգծել է Իրանի արտգործնախարարը։
Մեկնաբանելով երեկվա «3+3» գագաթաժողովը՝ Արաղչին ավելացրել է. «Առաջին հանդիպումից հետո, որը տեղի է ունեցել Թեհրանում անցած տարի, երրորդ հանդիպումը հաջողությամբ կայացավ Ստամբուլում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ»։
Ընդգծելով խաղաղության և կայունության ապահովման կարևորությունը տարածաշրջանում և Կովկասում՝ մասնակից երկրները հայտնել են, որ համաձայն չեն արտատարածաշրջանային տերությունների և խաղացողների առկայությանը, որոնք տարածաշրջանում անկայունություն են ստեղծում։
News.am