Իրանը սկսել է պատնեշ կառուցել իր սահմաններին

Իրանը սկսել է պատնեշ կառուցել իր արևելյան սահմաններին՝ անվտանգության սպառնալիքներին դիմակայելու համար, հայտարարել է երկրի սահմանային ոստիկանության հրամանատար, բրիգադի գեներալ Ահմադ Ալի Գուդարզին, հայտնում է Mehr-ը։

Ըստ իրանցի գեներալի, այս նախաձեռնությունն ուղղված է վառելիքի, ապրանքների, մասնավորապես, թմրանյութերի մաքսանենգության կանխմանը, ինչպես նաև անօրինական ներգաղթի խնդրի լուծմանը։

Նա ընդգծել է, որ այս նախագծի առաջնահերթությունը Աֆղանստանի և Պակիստանի հետ սահմանի անվտանգության ապահովումն է։

«Անվտանգության գնահատականներից և ռազմական նկատառումներից ելնելով՝ առավել կարևոր շրջանները Պակիստանի և Աֆղանստանի հետ սահմաններն են, որոնց բաժին է ընկնում դեպի Իրան թմրանյութերի շրջանառության 80%-ը»,- պարզաբանել է գեներալ Գուդարզին:

Ըստ նրա, սահմանային պատնեշի կառուցումն արդեն սկսվել է հարավային Սիստան և Բելուջիստան նահանգում, ինչպես նաև Ռեզավի Խորասան նահանգում՝ նշելով, որ հաջորդ փուլը կընդգրկի Իլամ, Քրդստան և Արևմտյան Ադրբեջան նահանգները, որոնք գտնվում են երկրի արևմտյան սահմաններում։ Գեներալ Գուդարզին հայտնել է, որ նախագծի ֆինանսավորումն ապահովված է, և այժմ ուշադրությունը կենտրոնացվում է շինհրապարակների հագեցման վրա։

News.am