Մայա Սանդուն շահել է, բայց չի հաղթել առաջին փուլում

Մոլդովայում ընտրությունների նախնական արդյունքներով՝ նախագահ Մայա Սանդուն դուրս է եկել երկրորդ փուլ Ալեքսանդր Ստոյանոգլոյի հետ միասին։ Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեի արդյունքը երկուշաբթի առավոտյան դեռ պարզ չէր. կողմնակիցների և հակառակորդների միջև տարբերությունը չնչին է։

Սանդուն ընտրությունների ֆավորիտն էր, բայց սոցիոլոգիական հարցումները թույլ չեն տվել հաստատ ասել, թե արդյոք նա կհաղթի առաջին փուլում, երկրորդ փուլ կլինի։ Ընտրաթերթիկների 98 տոկոսի մշակումից հետո գործող նախագահը հավաքել է մոտ 42 տոկոս, նախկին գլխավոր դատախազ Ստոյանոգլոն՝ 16-ից մի փոքր ավելի։

Ընտրողները միաժամանակ պետք է տային այն հարցի պատասխանը, թե ինչպես են վերաբերվում երկրի եվրաինտեգրման գիծը Սահամանդրության ներածություն մտցնելու հարցին։

Առավոտյան ժամը 08.00-ի դրությամբ այդ հարցը երկրի հիմնական օրենք մտցնելու հակառակորդները գերազանցում էին կողմնակիցներին ընդամենը 0,2 տոկոսով։

Ընդ որում, արտասահմանում ապրող մոլդավացիները հիմնականում պաշտպանում են դեպի միասնական Եվրոպա հայրենի երկրի շարժումը։

Հանրաքվեից առաջ իրականացված հարցումները ցույց են տվել, որ հարցվողների ակնհայտ մեծամասնությունը աջակցում է եվրաինտեգրմանը, այնպես որ, եթե սահմանադրության փոփոխություն տեղի չունենա, դա տհաճ անակնկալ կլինի Մայա Սանդուի և նրա կողմնակիցների համար։

Որպեսզի հանրաքվեն կայացած համարվի, դրան պետք է մասնակցի գրանցված ընտրողների մեկ երրորդը։ Արդյունքում՝ մասնակցությունը գերազանցել է 51 տոկոսը։

Քվեարկությունից հետո Սանդուի առաջին հրապարակային ելույթը նվիրված էր մի ինչ-որ հանցավոր խմբավորմանը և թշնամական արտաքին ուժերին մեղադրելուն ընտրողներին զանգվածային կաշառելու մեջ։

«Հանցավոր խմբավորումները և արտաքին ուժերը գրոհել են մեր երկիրը տասնյակ միլիոնավոր եվրոներով, կեղծիքով, քարոզչությամբ, կիրառել են ամենաամոթալի մեթոդները, որպեսզի մեր քաղաքացիներին և մեր ազգին անորոշության և անկայունության ծուղակ քշեն,- ասել է Սանդուն;- Մենք վկայություններ ունենք, որ հանցավոր խմբավորումները նախատեսում էին գնել 300 հազար ձայն, դա աննախադեպ ծավալի խարդախություն է»։

«Մենք չենք նահանջի, մենք այսուհետ ևս կպաշտպանենք մեր դեմոկրատիան և ազատությունը։ Մենք սպասում ենք վերջնական արդյունքներին և կպատասխանենք ամուր որոշումներով»,- խոստացել է Սանդուն։

Այս ընտրություններին քվեարկել է մոտ մեկուկես միլիոն մոլդավացի, Սանդուի օգտին ձայն է տվել նրանցից ավելի քան կես միլիոնը։

News.am