ԱՄՆ պաշտպանության նախարարը ժամանել է Կիև
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը ժամանել է Կիև երկուշաբթի առավոտյան։ Նա նախատեսում է քննարկել Ուկրաինայի հետագա օգնության հեռանկարները՝ հաշվի առնելով այն, որ ամերիկյան աջակցության ապագան շատ բանով կախված է ԱՄՆ գալիք նախագահական ընտրությունների ելքից, տեղեկացրել է CNN-ը։
Նախարարի այցը համընկել է Ուկրաինայում շարունակվող ռուսական գրոհներին՝ չնայած արևմտյան պատժամիջոցներին և միջազգային ռազմական օգնությանը։
Այցի ընթացքում Օսթինը կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի հետ։ Բանակցությունների գլխավոր թեման կլինի Ուկրաինայի ընթացիկ պահանջմունքների քննարկումը։
Օսթինն ընդգծել է միջազգային կոալիցիաների կարևորությունը Ուկրաինայի աջակցության համար՝ նշելով, որ այդ ջանքերի շնորհիվ Ուկրաինան կարողացել է դիմակայել ռուսական ագրեսիային։ Բայց ԱՄՆ նախագահական ընտրությունների ելքը կարող է սպառնալիքի տակ դնել հետագա աջակցությունը, հատկապես եթե հաղթի Դոնալդ Թրամփը, որը բազմիցս կասկածներ է հայտնել Ուկրաինային աջակցությունը շարունակելու վերաբերյալ։
Օսթինի այցը տեղի է ունեցել ճակատում իրավիճակի սրման ֆոնին, որտեղ ուկրաինական ուժերը շարունակում են բախվել լուրջ մարտահրավերների։
Ինչպես գրել է The Wall Street Journal-ը, Օսթինն Ուկրաինա է եկել առանց ռազմական օգնության ազդարարման և ՌԴ խորքին հեռահար զենքով խփելու թույլտվության։
Օսթինը Twitter-ում հաստատել է, որ ժամանել է Կիև։
«Ես վերադարձել եմ Ուկրաինա չորրորդ անգամ որպես պաշտպանության նախարար՝ ցուցադրելով, որ Միացյալ Նահանգները միջազգային հանրության հետ միասին շարունակում է աջակցել Ուկրաինային»,- ասել է նա։
News.am