Մհեր Գրիգորյանը մտավախություն չունի, որ Ադրբեջանը չի ստորագրի սահմանազատման կանոնակարգը

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը չունի մտավախություն, որ Ադրբեջանը կամ կձգձգի, կամ չի ստորագրի ՀՀ-ի հետ սահմանազատման կանոնակարգը։

Այսօր այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց նա։

«Գործընթացը սինխրոն ընթանում է, ուղղակի չգիտեմ, թե որ փուլում է Ադրբեջանում։ Ստորագրման պահին տրամաբանությունը ենթադրում է, որ սինխրոն կլինի։ Ես չունեմ մտավախություն, որ Ադրբեջանում չեն վավերացնի փաստաթուղթը», - նշեց Գրիգորյանը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստից առաջ։

Նշենք, որ հանձնաժողովում այս պահին քննարկվում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին հարցը։

«Եթե ստորագրել ենք կանոնակարգը, կարծում եմ` որևէ պատրվակով այն չվավերացնելը որևէ կողմից բացատրություն չի ունենա, բայց այնուամենայնիվ, եթե նման բան տեղի ունենա, մենք վավերացնելուց հետո ունենք վերջին փուլ, որ կանոնակարգը ուժի մեջ կմտնի, երբ փոխանակենք ծանուցումների բնօրինակները, և, բնականաբար, եթե ծանուցումների փոխանակում չլինի, պրոցեսը կընդհատվի։ Մենք չենք ունենա իրավական մի վիճակ, որ մեր վավերացնելուց հետո մերը մտնի ուժի մեջ , իսկ Ադրբեջանից չունենանք տեքստ»,– նիստի ժամանակ ասաց Գրիգորյանը։

Նա հիշեցրեց, որ կանոնակարգը լրացնում է սահմանագծման հանձնաժողովների աշխատանքի իրավական հիմքերը, բացի այդ, սահմանային բնակիչների համար կստեղծի անվտանգության լրացուցիչ մեխանիզմներ։

Sputnik Արմենիա