Երևանում ռազմագիտության դասի ժամին աշակերտը պատահաբար վիրավորում է ստացել

Հոկտեմբերի 14-ին Քննչական կոմիտեն հաղորդում է ստացել, որ Երևանի թիվ 93 դպրոցի ռազմագիտության դասարանում օդամղիչ հրացանից արձակված գնդակից «աջ ազդրի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել մեկ անչափահաս, որը դուրս է գրվել հիվանդանոցից, Armenia Today-ին հայտնել է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«Նախնական տվյալներ են ստացվել այն մասին, որ մարմնական վնասվածքը պատճառվել է ռազմագիտության դասարանում մեկ այլ աշակերտի կողմից օդամղիչ (տիրի) հրացանով պատահաբար կրակոց արձակելու հետևանքով»,- հավելել է խոսնակը։

Դեպքի առթիվ հոկտեմբերի 15-ին ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 8-րդ կետերով (անչափահասի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը՝ զենքի կիրառմամբ, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 5 տարի ժամկետով-խմբ

«Նախաքննության ընթացքում վնասվածք ստացած անչափահասը ճանաչվել է տուժող։ Նա, ինչպես նաև ռազմագիտության ուսուցիչը հարցաքննվել են։ Նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ։ Վարույթն իրականացնող մարմնի կողմից օդամղիչ հրացանն առգրավվել է անհրաժեշտ հնարավոր ապացուցողական, վարութային գործողություններ կատարելու համար: Այս պահին չկան նշված միջադեպի ժամանակ հրազենի կիրառման կամ անչափահասին հրազենային վնասվածք պատճառելու վերաբերյալ տվյալներ»,- հստակեցրել են ՔԿ-ում։