ԵՄ․ Մոլդովայում քվեարկությունն անցել է Ռուսաստանի աննախադեպ միջամտությամբ

ԵՄ-ն դեռ պաշտոնապես չի մեկնաբանել Մոլդովայում հանրաքվեի և ընտրությունների առաջին փուլի արդյունքները, սակայն հիշեցնում է, թե ինչ պայմաններում է անցել նախընտրական քարոզարշավը։ Այս մասին երկուշաբթի օրը Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտարարել է ԵՄ արտաքին ծառայության ներկայացուցիչ Պիտեր Ստանոն, գրում է European Pravda-ն։

Նա նշել է, որ ԵՄ-ն շատ ուշադիր հետևել է երկու քվեարկություններին էլ՝ հանրաքվեին և Մոլդովայի նախագահական ընտրություններին։

«Մենք գիտենք, որ այս քվեարկությունը տեղի է ունեցել Ռուսաստանի և նրա պրոքսիների կողմից աննախադեպ միջամտության և ահաբեկման պայմաններում, որոնք փորձել են ապակայունացնել ժողովրդավարական գործընթացը Մոլդովայում», - ասել է Ստանոն՝ նշելով, մասնավորապես, Ռուսաստանի և նրա պրոքսիների ձայներ գնելու փորձերը և «հսկայական քարոզչությունը»։

Նա ընդգծել է, որ քվեարկությունը խաթարելու այս ջանքերը շարունակվել են ոչ թե շաբաթներով, այլ ամիսներով՝ հոկտեմբերի 20-ից շատ առաջ։

Ստանոն հավելել է, որ ԵՄ-ն սպասում է թե քվեարկության, թե դիտորդական առաքելությունների հայտարարությունների պաշտոնական արդյունքների վերջնական հրապարակմանը։ «Այնուհետև մենք կհրապարակենք մեր պաշտոնական պատասխանը», - ասաց խոսնակը:

Եվրահանձնաժողովի խոսնակ Էրիկ Մամերն ավելացրել է, որ ԵՄ-ն շարունակում է լիովին աջակցել Մոլդովայի՝ Եվրամիությանը միանալու ձգտումներին։

News.am