Մոլդովայում ԵՄ կողմնակիցների թիվը գերազանցել է հակառակորդներին

Մոլդովայում ընտրողների կեսից մի փոքր ավելին, ըստ նախնական տվյալների, քվեարկել է ի պաշտպանություն եվրաինտեգրման՝ կիրակի օրը՝ հոկտեմբերի 20-ին, Եվրամիությանն անդամակցելու երկրի ձգտումների վերաբերյալ հանրաքվեի ժամանակ։ Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած քվեաթերթիկների 99,68 տոկոսի հաշվարկի արդյունքների համաձայն՝ հանրաքվեի մասնակիցների 50,45 տոկոսը (749783) կողմ է արտահայտվել Քիշնևի եվրոպական կուրսին, դեմ՝ 49,55 տոկոսը (736,499)։

Մոլդովայի քաղաքացիներին խնդրել են պատասխանել «այո» կամ «ոչ» հարցին. «Դուք սատարո՞ւմ եք Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելուն` Մոլդովայի Հանրապետությանը Եվրամիությանն անդամակցելու նպատակով»:

Ի սկզբանե երկու ճամբարների միջև անջրպետը նվազագույն էր, ընտրողների 50 տոկոսից մի փոքր ավելին դեմ էր Մոլդովայի՝ ԵՄ-ին միանալու կուրսին, իսկ կեսից մի փոքր քիչ՝ կողմ էր քվեարկել դրա օգտին: Սակայն, Քիշնևում և նրա սահմաններից դուրս ձայների հաշվարկի ժամանակ եվրաինտեգրման հակառակորդների նախնական առավելությունը նկատելիորեն նվազել է։

«Մոլդովան ենթարկվել է աննախադեպ հարձակման՝ մեր երկրի ազատության և ժողովրդավարության դեմ», - Քիշնևում լրագրողներին ասաց երկրի եվրոպամետ նախագահ Մայա Սանդուն՝ մեկնաբանելով հանրաքվեի նախնական արդյունքները։ Նա միջամտության համար մեղադրել է «մեր ազգային շահերի դեմ թշնամաբար տրամադրված օտար ուժերի հետ աշխատող հանցավոր խմբերին»՝ հավելելով, որ նրանց նպատակն է «խաթարել ժողովրդավարական գործընթացը»։

News.am