Միհրան Պողոսյանի կուսակցությունը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել

ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի ղեկավարած «Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։ Տեղեկությունը հրապարակվել է կուսակցության ֆեյսբուքյան էջում։

Քաղաքական ուժը հոկտեմբերի 19-ին հայտնել էր, որ հոկտեմբերի 18-ի երեկոյան՝ 23:15-ի սահմաններում, բերման են ենթարկվել ՀՀՄ փոխնախագահ Արարատ Ավետիսյանը, ԳՄ անդամներ Հայկ Ստեփանյանը, Արմինե Սիմոնյանը, ինչպես նաև կուսակցության երիտասարդական միության այլ անդամներ, ընդհանուր առմամբ ձերբակալվել է կուսակցության 8 անդամ, որոնցից 3-ը՝ երիտասարդ աղջիկներ: ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր, որ նրանք ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության բաժին ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով, այնուհետև ձերբակալվածներից 8-ն ազատ են արձակվել, իսկ 1 անձ ներկայացվել է նախաքննական մարմին:

Կուսակցությունը պնդում է, որ նրանք բերման են ենթարկվել բռնի ուժի կիրառմամբ։

«Բուժզննման արդյունքում Արմինե Սիմոնյանի մոտ ախտորոշվել է կապանաջլային վնասվածք ձախ ուսի հատվածում, հնարավոր է` պատռվածքով, որն առաջացել է ոստիկանության ծառայողի կողմից բռնի ուժի կիրառմամբ բաժին բերման ենթարկելու ընթացքում։ Նանե Բաղդասարյանը վնասվածքներ է ստացել դաստակի և ուսի հատվածներում»,– ասված է հաղորդագրությունում։

Ըստ ՀՀՄ–ի` ոստիկանների գործողություններից տուժել են նաև երիտասարդական միության այլ անդամներ։