Սերգեյ ՄԵԼՔՈՆՅԱՆ․ ՈՎ ԻՆՉ ԼԾԱԿ ՈՒՆԻ, ՀԻՄԱ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ Է, ՈՐ ԴԱՌՆԱ ԳԼԽԱՎՈՐ PEACE ԲՐՈՔԵՐԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Իմ պատկերացմամբ, ԱՄՆ-ն ու ընդհանուր Արևմուտքը հիմա փորձում են մինչև ԱՄՆ-ում կայանալիք ընտրությունները վերջնականացնեն խաղաղության պայմանագիրը»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց պգթ, քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մելքոնյանը։

 

Նշենք, որ այսօր Բաքվում կայացել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական Մայքլ Կարպենտերի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, ավելի ուշ ադրբեջանական ԶԼՄ-ները տարածեցին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Ալիևին ուղղված նամակը, որտեղ Բայդենը խրախուսում է այս տարվա ընթացքում ավարտին հասցնել խաղաղության համաձայնագրի կնքումը։

Մյուս կողմից քաղաքական վերլուծաբանն այս ակտիվացումը պայմանավորում է օրեր առաջ Ստամբուլում 3+3 ձևաչափի անդամների հանդիպմամբ ու դրան հետևած հայտարարություններով։ Հիշեցնենք՝ Վրաստանն այս անգամ էլ չէր մասնակցում հանդիպմանը։

«Քանի դեռ ԱՄՆ-ն ամբողջությամբ չի ֆիքսվել իր ներքին հարցերի վրա, քանի դեռ կա հնարավորություն կասեցնել այն ձևաչափը, որտեղ ներգրավված են Իրանն ու Ռուսաստանը, արևմուտքը փորձում է օգտագործել լծակները մինչև ընտրություններն ու COP29 գագաթնաժողովը։ Բոլորը հասկանում են, որ Ադրբեջանի հետ պետք է ինչ-որ կերպ պայմանավորվել, ահա այդ պատճառով մենք այսպիսի ակտիվություն ենք տեսնում»,-ասաց Մելքոնյանը։

Գործնականում ինչպիսի՞ քայլերի կարող ենք ականատես լինել, քանի որ Բայդենն իր նամակում նշել է համարձակ նախաձեռնությունների մասին։ Հարցին ի պատասխան Մելքոնյանը նկատեց, այսօր Հայաստանի խորհրդարանում քննարկում են Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգը, նման գործընթաց պետք է լիներ նաև Ադրբեջանում։

«Բայց այդ գործընթացի մեկնարկը չկա։ Բոլորս հասկանում ենք, որ Ալիևը շահագրգռված չի խաղաղության պայմանագրով, բոլորս հասկանում ենք, որ հիմա ով ինչ լծակ ունի, օգտագործում է այդ ուղղությամբ, որպեսզի ինքը դառնա գլխավոր peace բրոքերը։ Հիմա Արևմուտքն ասում է Ադրբեջանին, պետք է ներսում ինչ-որ գործընթաց սկսեք։ Եթե հաջողեն ԱՄՆ-ի քայլերը, կտեսնենք Ադրբեջանի կողմից ակտիվություն մինչև նոյեմբեր՝ COP29 գգաթաժողովը»,-ասաց վերլուծաբանը։

Նրա կարծիքով, Ադրբեջանը կանի ամեն ինչ, որ իր համար պարտականություններ սահմանող որևէ փաստաթուղթ չստորագրի, քանի որ Հայաստանից շարունակում է ստանալ ամեն ինչ առանց պայմանագրի։

Panorama.am