Իսրայելում ձերբակալել են իրանական հետախուզության կողմից հավաքագրված 7 անձի
Իսրայելի ոստիկանությունը ձերբակալել Է իրանական հետախուզության կողմից հավաքագրված 7 քաղաքացու, որոնք ֆինանսական վարձատրության դիմաց տեղեկություններ են հավաքել երկրի տարածքում անվտանգության կարևոր օբյեկտների և ռազմավարական նպատակների մասին։ Տեղեկությունը հայտնում է իսրայելական գերատեսչության մամուլի ծառայությունը:
«Ընդհանուր անվտանգության ծառայության (ՇԱԲԱԿ), Իսրայելի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի Լահավ 433 բաժնի և ԱՄԱՆ տեղեկատվության անվտանգության բաժնի համատեղ գործողության ընթացքում ձերբակալվել են Իսրայելի յոթ հրեա քաղաքացիներ՝ Հայֆայի և երկրի հյուսիսի բնակիչներ, որոնք հավաքագրվել են իրանցի գործակալների կողմից և նրանց համար տարբեր առաջադրանքներ կատարել», - ասված է հաղորդագրության մեջ:
Մամուլի ծառայությունը հստակեցրել է, որ ձերբակալվածների թվում 2 անչափահաս կա: Նշվում է, որ նրանց կասկածում են Իսրայելի պաշտպանության բանակի ռազմաօդային ուժերի և ռազմածովային ուժերի բազաների, նավահանգիստների, «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգերի տեղակայման վայրերի և տարբեր քաղաքներում Իսրայելի էներգետիկ ենթակառուցվածքների մասին տեղեկություններ հավաքելու մեջ:
Հաղորդվում է նաև, որ հավաքագրվածներն իրանցի գործակալների հրահանգով տեղեկություններ են հավաքել Իսրայելի մի քանի քաղաքացիների մասին և հետևել են նրանց: Հետաքննությունը պարզել է, որ խմբավորման մասնակիցները տեղյակ են եղել, որ հավաքված տեղեկությունները նախատեսված են Իրանի համար։
Sputnik Արմենիա