ԵՐԿՈՒ ԼՐՋԱԳՈՒՅՆ ԽՆԴԻՐ ԿԱ. ԻՐԱՎԱԲԱՆԸ` ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանազատման կանոնակարգը չպետք է անցնի ԱԺ վավերացում, այլ պետք է ունենա տեխնիկական բնույթի ընթացակարգ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արամ Օրբելյանը։

Հայտնել էինք, որ երեկ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգը վավերացնելու մասին» օրենքի նախագծին։

«Պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովը խորհրդատվական մարմնի կարգավիճակ ունի, իր լիազորությունը միայն դա է։ Հանձնաժողովը տարածքներ փոփոխելու կամ սահման գծելու իրավասություն չունի։ Ստացվում է` որպես խորհրդատվական մարմին, իրեն տրվել էր չափազանց ընդլայնված լիազորություններ, որոնք ո՛չ ՀՀ շահերից են բխում, ո՛չ էլ` միջազգային իրավունքից»,– ընդգծեց Օրբելյանը։

Ըստ նրա` պայմանագիրն ընդամենը պետք է անցներ ներպետական գործընթացներ, սակայն դա չի պարտադրում ԱԺ վավերացում, այն կարող էր ունենալ կառավարության կամ ՀՀ նախագահի կողմից հաստատում։

«Եթե բացենք մեր Սահմանադրությունը կամ միջազգային պայմանագրերի մասին ՀՀ օրենքը, ապա կտեսնենք, որ այս պայմանագիրն այս ընթացակարգով ենթակա չէ ներպետական օրենսդրությամբ վավերացման։ Ես չեմ բացառում, որ Ադրբեջանում ընդհանրապես վավերացնելու խնդիր չառաջանա, այլ ուղղակի հաստատվի գործադիրի կողմից»,– նշեց իրավաբանը։

Ըստ Օրբելյանի` պայմանագրի կիրարկման դեպքում կտեսնենք, որ այնտեղ կա երկու ֆունդամենտալ, լրջագույն խնդիր. դրանցից մեկը Ալմա Աթայի հռչակագրին հղումն է, ու ամենամեծ խնդիրը դրա անհստակությունն է։ Օրբելյանի խոսքով` այսօր արդեն իսկ տեսնում ենք, որ հայկական կողմի ներկայացուցիչները մի բան են հասկանում այդ հռչակագրի բովանդակությունից, ադրբեջանական կողմինը` մեկ այլ բան։

«Մյուս լրջագույն խնդիրն այն է, որ նշված է` սահմանազատումը հատվածական է լինելու, ու այն հատվածը, որտեղ ավարտեն աշխատանքները, համարվելու է համաձայնեցված` մինչև սահմանազատման աշխատանքների ամբողջական ավարտը։ Ի՞նչ է սա նշանակում. հայկական կադաստրային փաստաթղթերը ոչ իրավական ընթացակարգով չեղարկվելու են, քանի որ հիմք են ընդունվելու գետնի վրա արված ինչ-որ բաժանումները։ Ինչ վերաբերում է վերջնական փաստաթղթին, այն կարող է և չհամաձայնեցվի»,– մանրամասնեց Օրբելյանը։

Նրա համոզմամբ` ԱԺ–ն չպետք է վավերացնի այս կանոնակարգը, այլապես հանցակից է դառնալու ՀՀ տարածքների` ոչ իրավաչափ հանձնմանը, որն իր հերթին ենթադրում է պետական դավաճանության հանցակազմ։

Նշենք, որ կանոնակարգը 7 հոդված ունի, դրանք հիմնականում գործընթացին վերաբերող տեխնիկական տվյալներ են, ընդհանրական ձևակերպումներ։

Երևանն ու Բաքուն համաձայնել են սահմանազատումն իրականացնել 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, բայց այդ համաձայնությունը վերջնական չէ։ Կանոնակարգում նշվում է` հնարավոր է, որ խաղաղության համաձայնագրի ընդունումից հետո գործընթացն այլ սկզբունքներով ընթանա։

Sputnik Արմենիա