Ալեն Սիմոնյանը կրկին փաստացի արդարացրեց Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ
Օրերս Չեխիայում պաշտոնական այցի շրջանակում «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել եք՝ հարձակվել Ղարաբաղի վրա և Հայաստանի տարածքներն օկուպացնելը տարբեր բաներ են իրավունքի տեսակետից: Ադրբեջանն արեց Ղարաբաղում մի գործողություն, որի տակ ինքն ուներ առնվազն 3-4 ՄԱԿ-ի բանաձև: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ԱԺ-ում դիմելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«Ի վերջո, այդ հիմարագույն թեզը, որ Ադրբեջանը լեգիտիմ իրավունք ուներ, քանի որ ՄԱԿ-ի բանաձևեր ուներ, ո՞վ է խորհուրդ տվել ձեզ»,- հարցրեց ընդդիմադիր պատգամավորը:
Ի պատասխան Ալեն Սիմոնյանն ասաց. «Որ Արցախի Հանրապետությունը չէիք ճանաչում որպես անկախ պետություն և թողնում էիք Արցախը Ադրբեջանի կազմում, երբ վարչատարածքային բաժանման մասին օրենք էիք քննարկում և ընդունում, անձամբ ձեր կուսակցությունը, ՀՅԴ-ն, և նշում էիք, որ դա Ադրբեջան է, բա ի՞նչ էիք անում: Խոսքը լեգիտիմ իրավունքի մասին է, և որևէ նոր բան իմ ասածի մեջ չկա:
Իսկ ինչ վերաբերում է ձեր մեկնաբանությանը, թե որն է հիմարություն, որն է ճիշտ, պատմությունը, կարծում եմ՝ դրա պատասխանը տվեց»:
Գեղամ Մանուկյանը նկատեց, որ ՄԱԿ-ի բանաձևերը չեն վերաբերել Արցախի կարգավիճակին, այլ վերաբերել է կրակի, ռազմական գործողությունների դադարեցմանը. «ՄԱԿ-ի բանաձևերը նույնիսկ աննշան Ադրբեջանին որևէ լեգիտիմ իրավունք չէին տալիս Արցախի վրա հարձակվելու և Արցախի օկուպացիայի համար»,-ասաց նա:
ԱԺ նախագահն էլ արձագանքեց. «Ես հասկանում եմ, որ կարելի է ինչ-որ մի բառից կախվել և դրա շուրջ հարց կառուցել, թեզ կառուցել, փորձել ինչ-որ բան ապացուցել, բայց փաստը մնում է փաստ, որ այդ տարածքը միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածք է եղել և կա:
Ես պատրաստ եմ քննարկման, բայց դուք այստեղ բազմիցս այդ քննարկումը ծավալել եք և բազմիցս տապալվել եք»:
News.am